Մատչելիության հղումներ

Բոլոր հոսանքազրկումները կապված են եղել եղանակային անբարենպաստ պայմանների հետ․ ՀԷՑ-ի ներկայացուցիչ


Երեկ հորդառատ անձրևից ու ամպրոպից առաջացած անհարմարություններին նաև համատարած մթի պատճառով ստեղծված լարվածությունն էր գումարվել։ Հայաստանի մի շարք մարզեր ու մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններ տեղացած անձրևից ու ամպրոպի հետևանքով հոսանքազրկվել էին։

«Հոսանքազրկումները եղել են Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, ինչպես նաև Լոռու մարզերի բնակավայրերում։ Մայրաքաղաքում հոսանքազրկվել են Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի, Աջափնյակ և Նուբարաշեն համայնքները։ Այն հոսանքազրկումները, որոնք մի քիչ ավելի շատ տարածքներ ու բնակավայրեր են ընդգրկել, երկու էսպիսի հոսանքազրկում ենք ունեցել, երկուսն էլ մինչև 40 րոպե տևողությամբ», - «Ազատությանը» փոխանցեց ՀԷՑ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը։

Հայաստանի տարբեր հատվածներում հոսանքազրկման տևողությունը տարբեր է եղել՝ մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։ Գյուղական բնակավայրերում վերականգնման աշխատանքներն ավելի դժվար են եղել, ասաց Սարջանյանը։ Բոլոր հոսանքազրկումները, նրա պնդմամբ, կապված են եղել եղանակային անբարենպաստ պայմանների հետ․ - «Էս պայմաններում նմանատիպ իրավիճակներ հնարավոր են։ Հիմնականում կոնկրետ երեկ օդային գծերի վնասվելու հետ կապված են եղել հոսանքազրկումները։ Կամ հենասյուն է ընկնում, կամ օդային գծերի վրա փոթորկից, քամունց ինչ-որ առարկաներ կարող են ընկնել»։

Հոսանքի տատանումների հետևանքով հաճախ վնասվում են նաև կենցաղային սարքավորումները, երեկ նման դեպքեր ևս են գրանցվել։ Եթե հաստատվում է, որ տեխնիկան վնասվել է հոսանքի տատանումների հետևանքով, դրանք վերանորոգվում են կամ վնասը փոխհատուցվում է, վստահեցրեց Նատալյա Սարջանյանը։

Որ մայիսի 23-ից ջերմաստիճանի նվազում, անձրև ու ամպրոպ, քամու ուժգնացում է լինելու, Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօթերևութաբանական կենտրոնը դեռ օրեր առաջ էր զգուշացրել։ Մայիս 23-ին, օրվա կեսից արդեն անձրևն ու ամպրոպը, ուժեղ քամին իրենց գործն արեցին։

Համացանցում կայծակի ու ամպրոպի բազմաթիվ նկարների կողքին նաև տեսանյութեր էին տարածվում քամու ու քամու հետևանքով հասցված վնասների մասին։ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում էլ բազմաթիվ ահազանգեր են ստացվել վնասված ծառերի, տանիքների թիթեղների ու կառուցատարրերի, էլեկտրասյուների, էլեկտրալարերի ու պոկված ծառերի մասին։

Տարբեր մարզերում, մայրաքաղաքի գրեթե բոլոր շրջաններում վնասներ եղել են, մեծ թիվ են կազմել կոտրված ծառի ճյուղերը, անգամ ծառեր են տապալվել։

Այսօր, կեսօրից հետո կանաչապատման ՊՈԱԿ-ները դեռ հավաքում էին ծառերից պոկված ճյուղերն ու հեռացնում տապալված ծառերը։

Քամուց, Աջափնյակ վարչական շրջանում հիմնականում պոկվել էին չորացած ծառերի ճյուղերը, ասում է վարչական շրջանի դենդրոլոգ Ժորա Ոսկանյանը․ - «Մենք գույքագրել ենք ամբողջ տարածքի չոր ծառերը և չորուկները և ներկայացրել ենք քաղաքապետարան, թույլտվությունը տան, որ մենք կարողանանք համապատասխան աշխատանքներ կատարենք՝ չոր ճյուղերը հեռացնենք և չոր ծառերը ընդհանրապես հեռացնենք»։

Նա հավելեց, որ քամուց վնասվում են հիմնական չոր ծառերը․ - «Բացառությամբ մի քանի բարդի տեսակի ծառերը, որոնց արմատային մասերը լավ չի լինում։ Երեկվա բարդին Հալաբյան փողոցի վրա Թումո կենտրոնի դիմաց շուռ էր եկել։ Մեր շրջանում միայն դա է եղել, մի հատ էլ բարդի շուռ էր եկել 15-րդ թաղամասում»։

Բարեբախտաբար, վնասը միայն նյութական է եղել, քամու հետևանքով, պաշտոնական տվյալներով, մարդիկ չեն տուժել։ Այս եղանակը կշարունակվի մինչև մայիսի 26-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG