Մատչելիության հղումներ

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում երկխոսությամբ կարգավորել տարաձայնությունները


Չինաստանի ԱԳՆ մամլ վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանը, Պեկին, արխիվ
Չինաստանի ԱԳՆ մամլ վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանը, Պեկին, արխիվ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն այսօր Պեկինում հրավիրած ճեպազրույցում, ի շարս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական լարվածությանը, որը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ հատել են Հայաստանի սահմանը:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Չինաստանի բարեկամներն են և գործընկերները: Մենք ամենայն անկեղծությամբ հույս ենք հայտնում, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով և միասին կգործեն հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության», - ասել է Լիցզյանը:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

XS
SM
MD
LG