Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը ողջունում է Իսրայելի ու Գազայի միջև հրադադարը


Իսրայելի և պաղեստինյան «Համաս» խմբավարման միջև անցած գիշերվա ժամը երկուսից կրակը դադարեցվել է։

Միջազգային հանրությունը ողջունել է Եգիպտոսի միջնորդությամբ հաստատված հրադադարը։

Եգիպտոսը, որի միջնորդությամբ դադարեցվել է կրակը, ասել է, որ երկու պատվիրակություն է ուղարկելու հրադադարի ռեժիմի մոնիթորինգի համար։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունելով հրադադարը, հումանիտար օգնություն է խոստացել Գազայի հատվածը վերականգնելու, ավերածությունների հետևանքները վերացնելու համար։ Նա նաև խոստացել է օգնել Իսրայելին՝ վերականգնելու հակաօդային պաշտպանության համակարգը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պլանավորում է այցելել մերձավոր Արևելք՝ հանդիպելու Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչներին, ինչպես նաև տարածաշրջանի երկրների առաջնորդներին։

ՄԱԿ-ը կոչ է արել վերականգնել իսրայելա-պաղեստինյան երկխոսությունը։

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ մերձավորարևելյան հակամարտությունը կարգավորելու համար Բրիտանիան նախկինի պես պաշտպանում է երկու պետություն ստեղծելու լուծումը։ «Դա առաջ շարժվելու միակ ճանապարհն է»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կողմերին կոչ է արել ամրապնդել ու կայունացնել իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում։ «Միայն քաղաքական լուծումը բոլորին կբերի երկարատև խաղաղություն և անվտանգություն»,- Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ասել է, թե Ֆրանսիան վճռական է առանցքային դեր խաղալ ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու ջանքերում։

Պաղեստինցիները հրադադարը հաղթանակ են համարում, հազարավոր պաղեստինցիներ Արևելյան Երուսաղեմում հավաքվել են Ալ Աքսա մզկիթի մոտ, որտեղից էլ սկսվել էին իսրայելա-պաղեստինյան վերջին բախումներն ու 11-օրյա պատերազմական գործողությունները։

Այսօր ևս առանց միջադեպերի չի անցել: Իսրայելի ոստիկանությունը հաղորդում է, որ պաղեստինցիները քարեր, մոլոտովյան կոկտեյլների շշեր են նետել բլրի դարպասները հսկող ոստիկանների վրա։ Ոստիկանները ներս են մտել իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօրվա իր տեսաուղերձում ասել է, որ իսրայելական գործողությունների նպատակը ահաբեկչական կազմակերպություններին ծանր հարված հասցնելն էր, ոչնչացել նրանց հնարավորությունները և վերականգնել հանդարտությունը: «Եվ դա հենց այն է, ինչ մենք արեցինք», - հայտարարել է Նեթանյահուն։

Նա ասել է, թե ոչնչացել են Գազայի տակ գտանվող թունելների, բունկերների մեծ մասը, «Համս»-ն այլևս թաքնվելու տեղ չունի։ Ոչնչացրել են ավելի քան 200 ահաբեկիչներ, այդ թվում՝ «Համաս»-ի 25 բարձրաստիճան անդամների, բրիգադների հրամանատարների: «Համաս»-ի ու «Իսլամական ջիհադի» հրամանատարության զգալի մասը ոչնչացվել է, և ով չի սպանվել, այսօր գիտի, որ մեր ձեռքը իրենց կոկորդին կհասնի թե՛ գետնի վրա, թե՛ գետի տակ», - ասել է Իսրայելի վարչապետը, պնդելով, որ հարվածել են ահաբեկիչների աշտարակներին, տներին, հրթիռներ պատրաստող գործարաններին, զենքի թաքստոցներին, աշխատելով, որ քաղաքացիական շրջանում կորուստները նվազագույնը լինեն։

Համացանցում, լրատվամիջոցների կայքերում բազմաթիվ տեսանյութեր կան, որ ցույց են տալիս հասարակ պաղեստինցիները կիսաքանդ տներում մնացել են առանց ջրի ու էլեկտրամատակարարման։

Գազայի առողջապահական ծառայության պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածներից 232 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 65 երեխա, շուրջ 2 հազար մարդ վիրավորվել է։ Իսրայելական կողմը հայտնում է, որ «Համաս»-ի 160 գրոհային է ոչնչացրել։

Գազայի հատվածից հրթիռակոծությունների հետևանքով Իսրայելում 12 մարդ է զոհվել, հարյուրավոր վիրավորներ կան։

Գերմանական «Լյուֆթանզա»ն, ավստրիական, շվեյցարիական ավիաընկերությունները հայտարարել են, որ գալիք կիրակի վերականգնելու են դեպի Թել Ավիվ, որոնք ընդհատավել էին պատերազմական գործողությունների պատճառով:

Վերեջին 7 տարվա ընթացքում սա Իսրայելա-պաղեստինյան ամենալուրջ բախումն էր։

XS
SM
MD
LG