Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստում:
Ըստ Պուտինի, ոմանք այսօր համարձակվում են ասել, թե սիբիրյան հարստություններն անարդարացիորեն պատկանում են միայն մեկ երկրի։
«Բոլորն ուզում են մեզ կծել, ինչ-որ բան պոկել, բայց պետք է իմանան, որ մենք նրանց ատամները կփշրենք, այնպես կփշրենք, որ այլևս չկարողանան կծել, և դրա երաշխիքը մեր զինված ուժերի զարգացումն է»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով, Ռուսաստանն ունի հսկայական կարողություն, երկրի տարածքն ամենամեծն է աշխարհում: Ըստ Պուտինի, ամեն անգամ, երբ երկիրը հզորանում է, անմիջապես գտնվում են ուժեր, որոնք ցանկանում են զսպել Ռուսաստանի զարգացումը: Նա հիշել է Ալեքսանդր երրորդ կայսեր հայտնի խոսքն այն մասին, որ արտասահմանում «Ռուսաստանի ահռելիությունից են վախենում»: Ըստ Վլադիմիր Պուտինի, նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից հետո «ոմանք կարծում են, որ Ռուսաստանը տարածքով չափից շատ մեծ է»:
«Խորհրդային Միությունը դա պատմական Ռուսաստան է, պարզապես ուրիշ անուն ուներ և գաղափարական բովանդակությամբ էլ ուրիշ էր, բայց աշխարհաքաղաքական տեսակետից դա պատմական Ռուսաստան է: Եվ նույնիսկ կարողության մեկ-երրորդից զրկվելուց հետո ոմանց աչքերում Ռուսաստանը շատ մեծ է թվում», - ասել է Պուտինը: