ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը հայտնել է, որ Pfizer-BioNTech գերմանա-ամերիկյան ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարելի է մինչև մեկ ամիս պահել սովորական սառցարանում:
Դա, ըստ մասնագետների, ավելի մատչելի կդարձնի դեղամիջոցի կիրառումը: Մինչ այդ գործել է կանոն, ըստ որի չբացված հալված սրվակի առավելագույն պիտանելիությունը 5 օր է:
Նոր կանոնով, այդ սրվակը կարելի է պահել մինչև 31 օր Ցելսիուսի սանդղակով 2-ից 8 աստիճանի պայմաններում:
Սա թույլ կտա առանց դժվարությունների վակցինան հասցնել տրանսպորտի և պահեստների անբավարար ենթակառուցվածքներով հեռավոր շրջաններ:
Այդ վակցինան Միացյալ Նահանգները և Կանադան անցյալ տարվա դեկտեմբերից են կիրառում: Երկու երկրներում վերջերս ընդունել են որոշում, ըստ որի պատվաստանյութը կարելի է ներարկել նաև 12-ը լրացած երեխաներին: