«Մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը», - այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ «տվյալ դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսակցությունները տեղին չեն»:
«Իհարկե, մեր զինված ուժերն իրականացնում են մարտավարական բնույթի գործողություններ, բայց մեր դիրքորոշումն այն է, որ այս իրավիճակը պետք է լուծվի դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: Սա մեր առաջնային մոտեցումը և նպատակն է», հավելել է Փաշինյանը:
Նա նշել է, որ շարունակում են կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակներում. «Նաև շարունակելու ենք դիվանագիտական ջանքերի գործադրումը միջազգային հանրությանը իրադրության մասին տեղեկատվություն տալու և միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա ուժեղացնելու ուղղությամբ: Շարունակելու ենք, բնականաբար, աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ»:
Վարչապետի պաշտոնակատարը Ադրբեջանի գործողությունները համարել է «ապակառուցողական»: Ըստ Փաշինյանի՝ նրանք այս գործողություններով փորձում են վիժեցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա իրագործումը:
«Ընդհանուր առմամբ մեր տպավորությունն այն էր և շարունակում է այն մնալ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից գլխավորվող եռակողմ հանձնաժողովը բավական արդյունավետ և կառուցողական աշխատանք է տարել, և մնում է այդ աշխատանքների արդյունքներն իմպլեմենտացնելու մասին մտածել: Եվ տարօրինակ է, որ այդ փուլում իրագործվեց այս սադրանքը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը ոչ միայն ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, այլև մեզ համար կարևոր առաջնահերթություն է: Որովհետև համաձայն այն պայմանավորվածությունների, որ մենք ունենք, Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Խոսքը բեռնափոխադրումների մասին է, իհարկե: Հետագայում, ընդհանուր իրավիճակի կարգավորման դեպքում, կարելի է քննարկել նաև այդ ուղղություններով ուղևորափոխադրումների հարցը», - հավելել է նա:
Փաշինյանը նշել է, որ հետևողականորեն աշխատելու են տարածաշրջանի կոմունիկացիաների բացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է. «Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ հարցի էությունը հենց այսպիսին է, և մենք հենց այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվելու»:
Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:
Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»: