Այս օրերին Լեռնային Ղարաբաղից փոխանցվող լուրերը հակասական են։ Շահումյանի, Մարտակերտի կողմերից ադրբեջանցի զինվորների առաջանալու և սադրիչ գործողությունների դիմելու մասին լրատվամիջոցում տարածված լուրերն ու համացանցից արդեն ջնջված տեսանյութը համայնքապետերը հերքում են՝ շեշտելով՝ այդ համայնքների բնակեցումը ռազմավարական նշանակություն ունի և ավելորդ խուճապը միայն կվնասի։
«Կարմիր Շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, փորձելով կանգնեցնել թշնամու ավտոշարասյունը» վերնագրով տարածված տեսանյութը այսօր համացանցից հեռացվել է, իսկ բացատրությունը, թե միջադեպի պատճառը եղել է այն, որ ադրբեջանցիները ավելի վաղ կրակ էին բացել Կարմիր Շուկային մոտ գտնվող Թաղավարդի ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում հերքեց գյուղապետ Օլեգ Հարությունյանը։
Պատերազմի հետևանքով երկու մասի բաժանված գյուղի ղեկավարն ասում է՝ դրանք սահմանի այն կողմից լսվող կրակոցներ են, որոնք հիմնականում օդ են ուղղված ու թիրախ չունեն. «Ճանապարհը ուրիշ բանի համար է եղել. իբր, թուրքերն անցնելուց հայհոյել են, էդ ուրիշ բան ա եղել: Նայել են, նկարել են, տղերքն էլ ասել են՝ ինչի եք նկարում, տենց, ոչ մի արտառոց բան չի եղել»:
Կարմիր Շուկայի գյուղապետի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։ Գլխավոր մայրուղին, որտեղով անցնում են ադրբեջանցի զինվորականները՝ խաղաղապահների ուղեկցությամբ, հենց այս հատվածով է անցնում։ Ավելի վաղ էլ նման մի միջադեպի մասին լրատվամիջոցներում խոսել էր Հաթերքի գյուղապետը: Նա լրատվամիջոցներին ասել էր, թե զինված ադրբեջանցիները մոտեցել էին Քարվաճառի շրջանում հայկական կողմում մնացած 2 գյուղերից մեկին՝ Չարեքթարին ու փորձել են առաջանալ մինչև Հաթերք։ Չարեքթարի գյուղապետ Կամո Ցականյանը հերքում է այս տեղեկությունը. «Իմ գյուղի բնակիչներն էլ Երևանում են, որ պետք ա վերադառնան, ստից ասում են, որ էդ ժողովուրդը չգա՞»:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասում է՝ առանձին դեպքերի մասով տեղեկություններ փոխանցել չի կարող է, բայց վստահեցնում է՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այժմ վերահսկելի և կայուն է. «Կարծում եմ՝ նման տարբեր միջադեպեր կլինեն և չի բացառվում, որ հետագայում էլ լինեն, բայց սա ընդհանուր առմամբ կայունությունն ու խաղաղությունը որևէ կերպով չի վտանգում: Հաճախականությունը հետևյալն է, երբեմն լինում են ինչ-որ միջադեպեր հիմնականում ադրբեջանական կողմից, մենք տեսել ենք՝ քարկոծել են մի քանի անգամ հայկական մեքենաները, այդպիսի դեպքեր եղել են, կրակոցներ է, փորձել առաջ բերել իրենց դիրքերը և այլն, այդպիսի փորձերը, իհարկե, բնական է, որ տեղում էլ են կասեցվում, նաև դիմում ենք խաղաղապահներին: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ իրավիճակը վերահսկելի է, և այս պահի դրությամբ դեռևս որևէ մտահոգիչ զարգացումներ չկան»:
Բաբայանը պնդում է՝ նման սադրանքներով Ադրբեջանը նպատակ ունի հոգեբանական ճնշման ենթարկել հայկական կողմին, ամեն կերպ խոչընդոտելով Արցախի վերաբնակեցման գործընթացը. «Որպեսզի արցախցին մտածի, որ իրավիճակն այսպես կայուն չէ, որ վտանգ կա, որ անվտանգ է կյանքը և այլն, և երկրորդը, բնական է՝ աշխարհաքաղաքական նպատակներն է՝ խարխլել հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Այդ երկու նպատակի համար դիմելու են տարբեր հնարքների: Մնացածը տակտիկական է, այսինքն՝ մարտավարական նշանակության, բայց հիմնական ռազմավարությունը այդ երկու թիրախներն են»:
Պատերազմի ընթացքում Հայաստան է տեղափոխվել մոտ 90 հազար արցախցի, որոնցից վերադարձել է մոտ 53 հազարը: