Մատչելիության հղումներ

Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներում ներգրավված են Հայաստանի և Արցախի 113 թանգարաններ


«Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել»․ այս խորագրի ներքո այսօր Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց Թանգարանների միջազգային օրը, որում ներգրավված են Հայաստանի և Արցախի 113 թանգարաններ:

Թանգարանների միջազգային օրվա մեկնարկն ազդարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը․ - «Այսօր թանգարանային գործիչների մասնագիտական տոնն է, Թանգարանների միջազգային օրն է։ Ես ուզում եմ ի սրտե շնորհավորել իմ գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ։ Դուք տեղյակ եք, որ եվրոպական երկրներում թանգարանային գիշերը նույնիսկ չեղարկվել է։ Մենք ամեն դեպքում նույնիսկ համարձակություն ունեցանք չընդհատելու այդ ավանդույթը։ Թանգարանների ոլորտը ամենանվիրյալ մարդկանց ոլորտն է։ Մենք համադրում ենք այն ռեսուրսները, որոնք տրամադրված են թանգարանային հաստատություններին և տեսնում ենք թանգարանային կառույցների գործունեությունն ու վերջին շրջանում գրանցած հաջողությունները, ակտիվությունը, միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Միայն խոնարհումի ու հարգանքի է արժանի մեր մասնագետների կատարած աշխատանքը»։

Արա Խզմալյանը շեշտեց նաև, որ անցյալ տարեսկզբից սկսած, ինչպես ողջ հանրությունը, ինչպես բոլոր կազմակերպությունները, այնպես էլ բոլոր թանգարաններն ու թանգարանային գործիչները հայտնվեցին աննախադեպ իրավիճակում համավարակի և պատերազմի պատճառով, բայց թանգարանները կարողացան պատվով դուրս գալ այդ իրավիճակից ՝ ծավալելով լայնարձակ ու բազմաբնույթ առցանց գործունեություն․ - «Եվ մեր թանգարանների պաշտոնական կայքերը սկսեցին շատ մեծ տեմպով համալրվել նոր նյութերով, նոր հրապարակումներով։ Ես ուզում եմ ընդամենը 2020 թվականի վիճակագրական որոշ տվյալներ բերել․ հրապարակումների թիվը եղել է 14 հազար 136, հավանումների թիվը՝ մեկ միլիոն 670 հազար 615, կիսել են հրապարակումները՝ 104 հազար 820 մարդ, և դիտումների քանակը՝ 20 միլիոն 931 հազար 158։ Սա իսկապես համավարակի թերևս միակ դրական արդյունքն է»։

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, թանգարաններն ամենատարբեր միջոցառումներ են նախատեսել այցելուների համար մինչև կեսգիշեր, քանի որ Թանգարանների միջազգային օրվան, համավարակով պայմանավորված, համատեղվել է նաև Թանգարանային գիշեր ակցիան: Հիշեցնենք, որ այսօր բոլոր թանգարանների մուտքն անվճար է:

Այս տարի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ու Ազգային պատկերասրահը նշում են հիմնադրման 100-ամյա հոբելյանը: Տարբեր միջոցառումներ են նախատեսված այդ հոբելյանների կապակցությամբ։

Այսօր նախարարության կողմից Ոսկե հուշամեդալով պարգևատրված Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ներկայացնելով օրվա միջոցառումները՝ շեշտեց․ - «Միջոցառումները երեկոյան ենք նախատեսել, քանի որ հոսքերը այս օրերին սովորաբար միշտ երեկոյան են լինում։ Ժամը 5-ին ունենք ինտերակտիվ ներկայացում երեխաների համար, ժամը 7-ին ունենք համերգ նվիրված Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հարյուրամյակներին։ Ինչպես նկատեցիք, մեր դահլիճը ամեն տարի այդ կարևոր հոբելյարներով ենք ձևավորում։ Մինչ այդ, փոքրիկ մի ցուցադրություն նվիրված այդ երկու մեր ականավոր գործիչներին։ Եվ քիչ ուշ Կոմիտասի անվան ազգային քառյակի երաժիշտները մեր ցուցասրահում գողտրիկ համերգով հանդես կգան»։

Վարդանյանը շարունակեց․ - «Ինձ համար էսօր շատ ավելի կարևոր են թանգարանները, որովհետև, տեսեք, էս աստիճան քաղաքականացված չի եղել մեր հասարակությունը։ Կարևոր է լիցքաթափելու առումով։ Երբ որ այցելուն գալիս է կողքից նայում եք, էնքան հմայված են, ուշադրությունը սևեռված, զգում ես, որ այդ մեկ-երկու ժամը վերացել են իրականությունից»։

«Այս տարվա խորագիրը վերականգնելուն և իմաստավորելուն է վերաբերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։ - «Բնականաբար դա շատ ավելի գլոբալ իմաստ ունի, բայց մեր թանգարանը որոշեց միանալ հենց այս խորագրի ներքո ցուցադրությամբ և միանալ հենց վերականգման ասպեկտից։ Իսկապես այսօր մեզ համար շատ կարևոր է մեր արժեքների, մշակութային արժեքների, ժառանգության, մեր հարստության վերականգնման, պահպանման, վերաիմաստավորման այդ միտումը։ Կարծում եմ, որ մենք բոլորս, բոլոր ինստիտուցիաները պետք է միավորվեն այդ ուղղությամբ»։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը երկու օր առաջ «Հայրական սեր» խորագրի ներքո բացեց մի չափազանց ուշագրավ ցուցահանդես, որը նվիրված է Սարյանի ավագ որդու՝ Ղազարոս Սարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Տուն-թանգարանի այսօր միջոցառումները ներկայացնում է տնօրեն Ռուզան Սարյանը․ - «Մենք ուզում ենք երեխաների համար առիթ ստեղծել ստեղծագործել Սարյանի այգում, որտեղ ծաղկած վարդերը, յասամանը զարմանալի գեղեցկության ծաղիկներ են։ Այդ անկյունը Սարյանը հաճախ է նկարել․ իր այգին, Զորավոր եկեղեցին և այլն։ Կդնենք մոլբերտներ, և երեխաները կարող են նկարել Սարյանի այգում։ Երկրորդը, Սարյանի կտավներում հնչող ձայները, դա էլ տեխնիկական միջոցներով մեր երիտասարդներն են անելու, հետաքրքիր ծրագիր է։ Եվ ժամը 7-ին լինելու է համերգ»։

Իսկ Երվանդ Քոչարի տուն-թանգարանը, ինչպես ամեն տարի, հանդես է գալիս նոր, շատ հետաքրքիր նախաձեռնությամբ: Ներկայացնում է թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը. – «Այս տարի մենք Թանգարանային գիշեր միջոցառումը որոշել ենք ներկայացնել մեր այցելուներին Քոչարի փարիզյան շրջանի գրաֆիկ ստեղծագործություններում շատ առանձնահատուկ տեղ զբաղեցնող սեղմումով աշխատանքները։ Դրանք յուրահատուկ են իրենց կատարման տեխնիկայով, որը նմանօրինակը չունի աշխարհում։ Հնչելու է շատ յուրահատուկ երաժշտություն, լինելու են սեղմումով աշխատանքների անիմացիաներ։ Սա համարյա փորձ է շատ կոնցեպտուալ ցուցադրություն ունենալու, ինչը համաշխարհային մշակութային իրականությունում այսօր շատ ընդունված և խրախուսելի մի ձեռնարկ է։ Ասեմ, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս, բայց նման տեխկինական հագեցվածությամբ ներկայանալի է լինելու միայն այսօր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG