Երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ նախագահ Բայդենը կողմ է արտահայտվել Իսրայելի և Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորման միջև հրադադարի հաստատմանը։
Ավելի քան մեկ շաբաթ է Մերձավոր Արևելքի այս տարածաշրջանում արյունահեղությունը չի դադարում, իսրայելական օդուժի հարվածների հետևանքով պաղեստինյան կողմում զոհվել է առնվազն 212 մարդ, այդ թվում՝ 61 երեխա։ Իսրայելում Պաղեստինի ռմբակոծության հետևանքով 10 մարդ է սպանվել՝ ներառյալ երկու երեխա։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավերվել է ավելի քան չորս տասնյակ դպրոց, չորս հիվանդանոց։