Մատչելիության հղումներ

Անհետ կորած զինվորի մայրը սպասում է, որ որդին ողջ է վերադառնալու


Նաիրա Մարգարյանը պատերազմից երկու ամիս առաջ բանակ զորակոչված միակ որդու՝ Ժիրայրի ձայնը վերջին անգամ ուղիղ յոթ ամիս առաջ է լսել։ Մայրը ԴՆԹ անալիզ է հանձնել, մեկ ամիս առաջ պատասխան են ստացել, որ համընկնում կա։ ԴՆԹ նմուշ հանձնել է նաև 18-ամյա նորակոչիկի հայրը, հիմա սպասում են այդ հետազոտության պատասխանին։ Մոր ականջներում, սակայն, որդու ձայնն է միայն, որ խոստացել էր վերադառնալ։

«Ինչ գնով էլ լինի ինքը տուն պիտի գա, ես չեմ հավատում, որ ինքը տուն պիտի չգա: Բոլոր ծնողներն էլ չեն հավատում, որ էս ԴՆԹ-ն հաստատվել ա, որովհետև իրանք զրկվել են իրան երեխայի սառը ճակատը համբուրելուց, իրանց երեխային վերջին անգամ հրաժեշտ տալուց», - ասաց Մարգարյանը:

Մարգարյանները իրենց առաջնեկ Ժիրայրի ծնվելուց հետո՝ 2002-ին էին Գյումրիից տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղ։ Այնտեղ են ծնվել Ժիրայրի յոթ քույրերը։

Վակունիսը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է, Մարգարյաններն էլ ժամանակավորապես հաստատվել են Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Այս տանջալից ամիսների ընթացքում մայրը կարողացել է պարզել, որ հոկտեմբերի 3-ին 2 ամսվա զինծառայող որդին շրջափակման մեջ է ընկել ու փրկվել՝ կամավորական ջոկատի օգնությամբ։ Նույնիսկ կամավորների հետ լուսանկարն է գտել համացանցում։

«Հեչ մի հրամանատար իրանց կողքը չի եղել, իրանք մնացել են մենակ մի սպայի հույսին. սաղ փախել են հենց նույն վայրկյանին: Իրանք՝ էդ 18 տարեկանները, պայքարել են ինչքան իրանք ի վիճակի են եղել, ինչի ընդունակ եղել են, իրանք շրջափակման մեջ են եղել հոկտեմբերի 3-8-ը Ջաբրայիլում, հետո, որ ասում էին երեխաները գտնվել են ողջ-առողջ, էդ խմբի մեջ է եղել ինքը», - պատմեց մայրը:

Հոկտեմբերի 15-ին տղայից վերջին զանգն է ստացել. «Հադրութը վերցրած, նորից ինչի են երեխաների ուղարկում առաջ, առանց զենքի, ընկել են շրջափակման մեջ ու այդտեղ է վերջին զանգը, էլ տեղյակ չեմ իրա հետ ինչ է կատարվել»:

Բազմազավակ ընտանիքը հարմարվել ու ապրում է Մայիսյանում իրենց տրամադրված տանը: Տունը խմելու ջուր չունի, կա՛մ հարևաններից են խնդրում, կա՛մ գյուղի աղբյուրից կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG