Մատչելիության հղումներ

Քաշաթաղցի Ռոմիկ Դարբինյանի ընտանիքը Գետազատից տեղափոխվել է Եղեգնավան, ապրում են կիսաքանդ տանը


Քաշաթաղցի Ռոմիկ Դարբինյանը կնոջ ու 6 երեխաների հետ երկու օր առաջ դուրս եկավ Գետազատ գյուղից, ընտանիքը պատերազմի ընթացքում տուն ու բնակավայր կորցնելուց հետո ժամանակավոր գյուղի մանկապարտեզում էր հաստատվել: Ռոմիկ Դարբինյանը պնդում է՝ իրենց գետազատցիները ճնշեցին, վռնդեցին:

«Եթե ոստիկանները չլինեին, այնտեղ հաստատ արյուն կթափվեր», - ասաց Դարբինյանը:

Tert.am-ի տեսանյութում ենք տեսնում, թե ինչ իրավիճակ էր մանկապարտեզում՝ գյուղի բնակիչները, մանկապարտեզի տնօրենի հետ հավաքվել ու ընտանիքին, մեղմ ասած, հորդորում էին հեռանալ մանկապարտեզի շենքից:

Դարբինյանները երեխաների հետ նույն օրը Արարատի մարզի մեկ այլ գյուղ են տեղափոխվել՝ Եղեգնավան, ապրում են կիսաքանդ տանը. «Բանվոր մարդ եմ, ստեղ իրանց հետ աշխատում եմ, խոսացել եմ, որ մինչև մի տարի ստեղ պետք ա մնամ»:

Կինը՝ Նվարդ Ստեփանյանն ասում է՝ այն, ինչ տեղի ունեցավ Գետազատում, սարսափի է մատնել երեխաներին, հիմա նրանք թեկուզ վատ պայմաններում են, բայց վախ չունեն, թե բախումների էպիկենտրոնում են հայտնվելու: Տան բոլոր երեխաները ծնվել են Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղում, ավագը՝ Գայանեն հաշմանդամություն ունի, նրա սիրտը երկու անգամ վիրահատված է, այս պատմությունն ամենածանրը նա է տանում:

Նվարդն ու Ռոմիկը պատմում են, որ այն ամիսներին, երբ մանկապարտեզում էին ապրում, այլ տուն տեղափոխվելու առաջարկներ են ստացել, բայց դրանք հեռավոր մարզերում էին, չեն ընդունել, քանի որ Գայանեն մասնագիտացված բուժօգնության կարիք է ունենում, պետք է մայրաքաղաքին մոտ լինեն: Քաշաթաղցի այս ընտանիքը վիավորված է՝ գետազատցիներից, միայն մի քանի ընտանիքի են սիրով հիշում և խնամում շունիկին, որ այնտեղից են բերել:

Գետազատի մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Վարդանյանը չի կարծում, որ տգեղ բան է տեղի ունեցել՝ մանկահասակ երեխաների առջև աղմուկ-աղաղակ. «Բա տգեղ չէ՞ր, որ մեր երեխաները չեն հաճախում պարտեզ»:

Տնօրենն ասում է՝ մանկապարտեզը զբաղեցրել են և այն էլ ելակի սեզոնին՝ երբ ծնողները պիտի դաշտ գնան, երեխաներին թողնելով մանկապարտեզում. «Ելակի սեզոն ա, մարդիկ ասում են՝ բացեք, որ մենք էլ աշխատենք, մեր երեխաներին բերենք, մենք էլ գնանք մեր հողի ջրին»:

Մանկապարտեզը փակվել էր համավարակի պատճառով և այժմ էլ դեռ չի բացվել, քանի որ տնօրենն ասում է՝ պետք է հիմնովին նորոգվի, ախտահանվի քաշաթաղցի ընտանիքի հեռանալուց հետո. «Միշտ եկել եմ ասել եմ՝ մաքուր պահի, իրա դուրը չի եկել, ինքը դրանից վրդովվել ա»:

Սուսաննա Վարդանյանն ասում է՝ ինքը ընտանիքին չի վռնդել, ինքնակամ են գնացել, իսկ գյուղացիներն, այո, զայրացել են՝ ինքնաբուխ. «Գյուղացիները սրա փնթիության համար շատ լարված էին, ճիշտն ասած շատ էի կողքից ասում՝ չի կարելի, մի հարձակվեք, էն երեխան լացում էր, երեխա են, հանգիստ ասեք: Ուղղակի երևի իրանց ըմբոստանալը հենց սրա փնթիությունից էր գալիս»:

Սուսաննա Վարդանյանը ցավով է մոտենում մանկապարտեզի վարագույրներին՝ դարբինյանների երեխաները պատռել են, պատերն էլ մաքուր չեն, խոհանոցի դարակները նույնպես, զուգարանի դուռը չկա, լսել են՝ քամին է տարել: Մի խոսքով՝ մանկապարտեզը նորոգման կարիք ունի՝ պարզ չէ, կհասցնեն մինչև ելակի սեզոնի ավարտը՝ թե ոչ:

Իսկ Քաշաթաղցի ընտանիքը Եղեգնավանի կիսակառույցում երրորդ գիշերն է անցկացնելու, Գայանեն անընդհատ անսարք լարային հեռախոսին է մոտենում՝ խոսում է, հակառակ կողմում աղմկող -վիրավորող չկա, լռություն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG