Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ գործով այսօր տեղի ունեցած առաջին դատական նիստը հետաձգվեց։ Նիստին չէին ներկայացել ամբաստանյալի կինը և պաշտպանը։
Դատավորի հարցին, թե տեղյա՞կ է` ինչու կինը չի ներկայացել, Մայիս Սահակյանն ասաց. «Հնարավոր է, որ երեխայի հետ է կապված, դրա համար չի ներկայացել»։
Դատախազը միջնորդեց՝ պատշաճ ծանուցված ամբաստանյալին և վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչը դատարանը բավարարեց: Մայիս Սահակյանն այսօր դատական նիստում ասաց. «Ես միջնորդություն ունեմ բացել իմ զանգերն ու տեսակցությունները, որ կապ հաստատեմ, իմանամ` թեկուզ ինչի չեն եկել»: Դատավոր Գագիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ այդ միջնորդությունը կքննվի կողմերի մասնակցության պայմաններում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մայիս Սահակյանը կնոջ օժանդակությամբ, լրտեսության, պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն։ Կնոջը՝ Ստելլա Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները։