Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն (ՀՀԿ ԳՄ) իր մտահոգությունն է հայտնել Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։
«Իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում ստեղծված խոր ճգնաժամի և Արցախյան վերջին պատերազմի կործանարար արդյունքների հետևանքով», - ասված է հայտարարությունում։
Միաժամանակ ԳՄ-ն արձանագրում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։
Արդյունքում, ինչպես նշվում է հայտարարությունում, Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում։
«Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերականգնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին», - հայտնում է ՀՀԿ գործադիր մարմինը՝ արձանագրելով․ - «Գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները»։
Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Դեռ երեկ՝ օրվա առաջին կեսին, Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղում բանակցություններ են ընթանում՝ տարաձայնությունները հարթելու համար։ Երեկ ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց։ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային։
Այսօր վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը, այսօր ԱԽ նիստ կգումարեն՝, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ: