Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի Ավտոբուս» ընկերություն մեր այցելության պահին վարորդների մի մասն ավտոբուսները թողել և տուն էր գնացել, մյուսներն էլ, որ դեռ վառելիք ունեին, դուրս էին եկել աշխատանքի։ Աշխատակիցներից տեղեկացանք, որ քաղաքապետարանի, նախարարության և համապատասխան տեսչական մարմին աշխատակցիները «Երևանի Ավտոբուս»-ի տնօրենի աշխատասենյակում են։ Մեզ ներս մտնել չհաջողվեց, փակ դռների հետևից լսվում էին բարձր ձայներ, նաև հայհոյանքներ։ Տևական ժամանակ սպասելուց հետո, աշխատակիցն ասաց, որ ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը մեզ չի ընդունելու։ Քիչ անց նրա աշխատասենյակից մի քանի տղամարդ դուրս եկան, այդ թվում նաև՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։
«Խնդիրը լուծման ընթացքում է, կլուծվի։ Մինչև օրվա վերջ պետք է լուծվի, էդ ընթացքի մեջ ենք աշխատանքային։ Քաղաքապետարանը չի ուշացրել, մատակարարման խնդիր է։ Մատակարարը, որ պետք է երեկ երեկոյան ու առավոտյան մատակարարեր, չի մատակարարել տեխնիկական պատճառներով։ Հիմա ուզում ենք հասկանանք ինչ խնդիր է», - ասաց Գալստյանը։
Մեր նկարահանման ընթացքում մատակարարող CPS ընկերության վառելիքով բեռնված մեկ մեքենա մտավ «Երևանի Ավտոբուս»-ի տարածք։ Մատակարար ընկերության ներկայացուցիչն ասաց, որ օրվա ընթացքում կապահովեն վառելիքի անհրաժեշտ ծավալը։
Թեև խնդիրը ծագել էր վաղ առավոտյան և ավտոբուսների մի մասն արդեն դուր էր եկել երթուղի, այդուհանդերձ կեսօրին կանգառում կանգնած ուղևորները դեռ ժամերով սպասում էին տրանսպորտին։
«Ես արդեն մի ժամ տասնհինգ րոպե քսան համարին են սպասում։ Հիմա արդեն որոշել եմ ոտքով գնամ։ Շաբաթ-կիրակի ընդհանրապես չի աշխատում․․․», - գժգոհեց մի կին։
Դիզելային վառելիքի շուկայում հիմնական ներկրողներից CPS Oil ընկերությունն է «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի-ին դիզվառելիք է մատակարարում։ Ընկերությունը հայտնում է, որ «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն իրենց պարտք է 190 միլիոն դրամ կամ մոտ 365 հազար դոլար։ Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն, ըստ CPS Oil-ի տարածած հայտարարության, «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությունն է, որն ընդամենը մեկ օր առաջ վճարել է պարտքի միայն մի մասը։
Ընկերությունը նաև պնդում է, թե զգալիորեն նվազեցրել է մրցույթով սահմանված վառելիքի գինը, թեև ըստ պայմանագրի կարող էին դա չանել։ CPS-ը հայտնում է, որ դիզելային վառելիքը «Երևանի Ավտոբուս»-ին վաճառում է 1 լիտրը 233 դրամով, իսկ բենզինը՝ 280 դրամով, սա երկու անգամ ցածր է շուկայականից։
Ընկերության հայտարարությունում նշված է, որ ամիսներ շարունակ դիմել են «Երևանի Ավտոբուս» ՓԲ ընկերության ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ, սակայն արդյունքի չեն հասել։