Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի100-ամյակը


«Երաժշտությունը փիլիսոփայություն է», - մի առիթով ասել է մեր մեծագույն կոմպոզիտորներից Էդվարդ Միրզոյանը:

Այսօր նրա ծննդյան օրն է՝ 100-ամյա հոբելյանը: Նրա թողած ստեղծագործական ժառանգությունը մեր երաժշտարվեստի պատմության լավագույն ձեռքբերումներից է:

Այս տարի կոմպոզիտորի հոբելյանը դեռ կնշվի հավուր պատշաճի, իսկ այսօր Կոմպոզիտորների միության և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմի մոտ էին հավաքվել նրա կրտսեր գործընկերները, նրա արվեստի երկրպագուները, ուսանողներ, պատանի կոմպոզիտորներ, երաժիշտներ՝ խնկարկելու մաեստրոյի հիշատակը:

Ինչպես ընդգծում էր դիրիժոր Նատալի Գալստյանը, Էդվարդ Միրզոյանը բացառիկ սիրով էր աշխատում ուսանողների և երիտասարդ երաժիշտների հետ․ - «Ինչպես ցանկացած հայ մարդու կյանքում, Էդվարդ Միրզոյանը եզակի դեր է խաղացել ինձ համար։ Իմ ստեղծագործական կյանքում իր հավատը, իր ներշնչանքը շատ մեծ ուժ է տվել: Իսկապես տոն է ինձ համար այսօր։ Երջանիկ եմ, որ ծանոթ եմ եղել, մտերիմ եմ եղել»։

Գալստյանը համաձայնեց դիտարկմանը, որ Միրզոյանի երաժշտություն պետք է ավելի հաճախ հնչի՝ ասելով․ - «Բնականաբար։ Մենք, այո, պարտավորվում ենք։ Առավել ևս, որ հանճարեղ են իր ստեղծագործությունները։ թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային, թե՛ վոկալ արվեստը շատ հարուստ և շատ յուրահատուկ է, յուրահատուկ ձեռագիր ունի։ Ցանկալի կլինի, որ ավելի հաճախ հնչի»։

Անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Մարտին Վարդազարյանն ասաց․ - «Միրզոյանը ինձ համար մարդկայնության և ստեղծագործական անհատի չափանիշ է։ Թե՛ որպես մարդ, թե՛ որպես ընկեր, թե՛ որպես ուսուցիչ, նա ինձ համար մնում է որպես չափանիշ։ Եվ ինչ-որ բան եթե ես ասում եմ, մտածում եմ՝ ի՞նչ կասեր Էդվարդ Միխայլովիչը»։

Վարդազարյանը նույնպես համարում է, որ Միրզոյանի երաժշտությունը պետք է ավելի հաճախ հնչի․ - «Ընդհանրապես հայ կոմպոզիտորների երաժշտությունը պետք է հաճախ հնչի։ Դրա անհրաժեշտությունը կա։ Մենք մոռանում ենք, հաջորդ սերունդը կարող է չճանաչել հայ կոմպոզիտորի երաժշտությունը։ Դա ցավալի է»։

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով, Էդվարդ Միրզոյանի դերը շատ մեծ էր թե՛ 20-րդ դարի հայ երաժշտարվեստի պատմության մեջ, թե՛ կոնսերվատորիայում տասնյակ տարիներ ծավալած մանկավարժական գործունեությամբ, թե՛ 35 տարի՝ 1956-ից մինչև 1991թվականը Կոմպոզիտորների միության նախագահ եղած ժամանակ․ - «Նա կարողացավ այդ ժամանակ, երբ որ նոր-նոր պրոֆեսիոնալ հիմքերի վրա էր դրվում, համախմբել բոլորին։ Իմաստուն մարդ էր։ Ինքը կարողանում էր կշեռքի վրա դնել այս կամ այն երևույթը և այդտեղից եզրակացություն անել։ Եվ ժամանակն էլ այդ ժամանակ աշխատում էր ի օգուտ արվեստագետի»։

Նշենք նաև, որ արդեն 8 տարի է նրա ծննդյան կապակցությամբ Կոմպոզիտորների միությունը կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների եռօրյա մրցույթ փառատոն: Այս տարվա հաղթողների անունները հայտնի կդառնան վաղը կայանալիք գալա-համերգի ժամանակ:

Եվ ինչպես ընդգծում է Արամ Սաթյանը, պատանի կոմպոզիտորների լավ սերունդ է գալիս․ - «Նոր սերունդ է մեծանում։ Կարևորը դա է։ Սրանք երեխաներ են, որոնք համալրում են կոնսերվատորիան, և ինձ թվում է, այդ համալրումը շատ կարևոր է, որովհետև մեզ մոտ սակավաթիվ է դարձել վերջին տարիներին կոմպոզիտորների հոսքը դեպի կոնսերվատորիա։ Չեմ ասում, թե քանակը տալիս է որակ, բայց յուրաքանչյուր մարդ պետք է ունենա պրոֆեսիոնալ կրթություն, որ կարողանա ճանապարհ անցնի։ Եվ այս մրցույթը այդ հնարավորությունը տալիս է, մենք արդեն գիտենք ո՛ր երեխան է շարունակելու։ Բացի դրանից, կոնսերվատորիայի դասատուներն են ժյուրիի մեջ, կոմպոզիտորները, մեր միության անդամները, որոնք ուշադրություն են դարձնում և հետևում են իրենց աճին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG