Հայաստանի նախագահը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:
Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին», - կառավարության հաղորդմամբ` ասված է Փաշինյանի հեռագրում:
Առնվազն 8 մարդ է սպանվել այսօր Կազանի գիմնազիաներից մեկում տեղի ունեցած հրաձգության ու պայթյունների հետևանքով, զոհերից 7-ը երեխաներ են, բոլորն էլ՝ նույն՝ 8-րդ դասարանի աշակերտներ։
Նախագահի աշխատակազմից էլ հայտնում են, որ Արմեն Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել: