Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վաղը պաշտոնական այցով կժամանի Երևան: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
«Մայիսի 12-ին վարչապետը կմեկնի Երևան, որտեղ նախ տեղի կունենա հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կանցկացվեն բանակցություններ ընդլայնված ձևաչափով»,- ասվում է Թբիլիսիի տարածած հաղորդագրությունում:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ առաջին անգամ վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան է այցելել 2014 թվականին:
Վարչապետին այս այցի ընթացքում ուղեկցելու է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին: Հայկական կողմի հաղորդմամբ` այցի շրջանակում նախատեսված է հանդիպում նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:
Այս տարվա ապրիլին Թբիլիսի է մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն, ով այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և մի շարք բարձրաստիճան վրացի պաշտոնյաների հետ: