Մատչելիության հղումներ

Վանաձորում ակտիվանում են քաղաքական ուժերի տեղական կառույցները


Լոռու մարզում հին ու նոր կուսակցությունները գրասենյակներ են բացում կամ եղածներն ակտիվացնում։ Վանաձորում կուսակցական գրասենյակներն այսօր հիմնականում բաց էին։

Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանի» մարզային կառույցի՝ վերջերս բացված գրասենյակում ասացին ակտիվ գործունեություն են ծավալում։ Կառույցը ղեկավարում է 2018-ի հեղափոխությունից հետո մի քանի ամիս մարզպետի պաշտոնն զբաղեցրած Հրանտ Մարգարյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզային կառույցը գործում է նախկին գրասենյակի տարածքում։ Կառույցի ղեկավար Հայկազ Սիմիկյանն ասում է, որ ամենօրյա կուսակցական աշխատանքով են զբաղված․ - «Մենք իրականում շատ ավելի հասանալի ենք, որովհետև մենք խնդիր չենք դնում, որ ընտրությունից ընտրություն հասանելի լինենք, դրանից հետո վերանանք։ Շատ-շատերը, որ լիքը շտաբներ են բացում, գրասենյակներ, դրանք ընտրություններից հետո փակվելու են գնան»։

Սիմիկյանը համոզված է, որ առաջիկա արտահերթը էականորեն կտարբերվի նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններից։

«Այսօր ուրիշ են թե՛ իրավիճակն ու խնդիրները, և թե՛ հասարակության մոտեցումներն ու ընկալումները», - ասում է Սիմիկյանը, ով որպես «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամ Լոռիում մասնակցել է մոտ 5 տեղական ու համապետական ընտրություններին․ - «Այսօր մենք ունենք լրիվ նոր իրավիճակ, որտեղ ունենք իշխանությունը, որը հակասական հեղինակություն ունի, ունի թե՛ լավ ընկալողներ, թե՛ վատ ընկալողներ, ունենք ընդդիմություն, որը ունի էլի հակասական․․․ Բևեռներ՝ հստակ վատ իշխանություն և լավ ընդդիմություն, կամ հակառակը, չունենք։ Բայց հստակ մի բան կա մեր համար, որ «Լուսավոր Հայաստանը» ստաբիլ է էս 5-6 տարվա ընթացքում»։

Լոռու մարզի համայնքներից մեծ մասում ղեկավարները հիմնականում ընտրվել են նախկին իշխանությունների օրոք։ Շատերը նաև հեղափոխությունից առաջ իշխանություն ունեցած կուսակցությունների ներկայացուցիչներ են, կամ դրանից հետո են դադարեցրել անդամակցությունն այդ կուսակցություններին։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը սա ինչ-որ տեղ առավելություն է համարում առաջիկա ընտրություններն ավելի ժողովրդավար անցկացնելու համար․ - «Մենք էն ժամանակ եթե ունեինք մոնոտոն իշխանությունը մոնոտոն համակարգերով, այսօր չունենք դա։ Դա, իմիջիայլոց, շատ լավ է ժողովրդավարության համար։ Երբ որ մենք հասնենք նրան, որ ով ուզում ա լինի իշխանություն, ինքը ի վիճակի չլինի որևէ վարչական ռեսուրս կիրառելու, կամ ազդելու, այդ ժամանակ նոր մենք կարող ենք խոսել ժողովրդավարության մասին»։

Օրերս Լոռու մարզպետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը մամլո ասուլիսում ակնարկելով նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ հայտարարել էր, թե ընտրություններից առաջ որոշ համայնքներում վախի մթնոլորտ են առաջացնում ու սուտ խոստումներով ձայներ ստանալու անազնիվ մեթոդներ կիրառում։

«Փորձում են վախեցնել, փորձում են ձայն Ընդդիմադիր խոստումներ տալ՝ տարբեր պաշտոններ, տարբեր առաջարկություններ։ Բայց դա իրենց մոտ չի ստացվի, ամեն ինչ վերահսկողության տակ է գտնվում», - ասել է մարզպետը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» մարզային ներկայացուցիչ Հայկազ Սիմիկյանը նկատում է, որ գործող իշխանությունները վարչական, նախկինները՝ ֆինանսական ռեսուրսների են տիրապետում, բայց նաև շեշտում է՝ այս ընտրություններում այդ ռեսուրսներից որևէ մեկն էական նշանակություն չի ունենա․ - «Պարզապես եթե առաջ հարյուր միավոր ֆինանս էր ծախսվում, ստանում էին հիսուն միավոր արդյունք, էս անգամ էդ հարյուր միավորից լավագույն դեպքում կարող են ստանալ տասը միավոր արդյունք։ Նշանակում է, անգամ հինգ հարյուր միավոր ծախսելով կարող է չհասնեն էդ հիսուն միավոր արդյունքին»։

Այսօր բաց էր նաև Հայ ազգային կոնգրեսի Լոռու մարզային գրասենյակը։ Կառույցի ղեկավար, 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական բախումներից հետո 5 տարով ազատազրկված Աշոտ Մանուկյանն ասաց, որ 10 տարի առաջվա համեմատ իրենց կուսակցականների թիվը նվազել է, բայց կառույցը, ըստ նրա, լիարժեք գործում է։ Սպասում են մայիսի 16-ին կայանալիք կուսակցության համագումարին, որից հետո պարզ կլինի ՀԱԿ-ը մասնակցո՞ւմ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ․ - «Մարզում կուսակցությունը գտնվում է բավականին առողջ և նորմալ վիճակում։ Բնական է, հին ժամանակների համեմատ, որոշակիորեն ինչ-որ չափով կրճատվել է թիվը։ Բայց կուսակցությունը լուրջ գործում է, անընդհատ»։

Վանաձորում գրասենյակ է բացել նաև Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը։ Ակտիվ են հատկապես Հանրապետականի հետ դաշինք կազմած «Հայրենիք» կուսակցության գրասենյակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երեկ միավորված Դաշնակցությունն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG