Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հրաժարվել է հիշատակել «Կոլցո» գործողությանը խորհրդային զորքերի մասնակցության փաստը


«Կոլցո» գործողության ժամանակ արված լուսանկար
«Կոլցո» գործողության ժամանակ արված լուսանկար

Նոյեմբերյանի բնակիչ Գևորգ Գիշյանը 1991 թվականի մայիսին Խորհրդային Հայաստանի ոստիկանության՝ միլիցիայի սերժանտ էր, երբ ամսի 5-ի երեկոյան հրաման են ստանում շարժվել սահմանամերձ Ոսկեպար գյուղ, ուր ընկնելով խորհրդային զորքի շրջափակման մեջ և տեղում տալով տասնմեկ զոհ՝ գերեվարվում են ու հանձնվում ադրբեջանցիներին։

Չնայած հանրահայտ այս փաստին, Հայաստանի Ազգային ժողովի երեք խմբակցությունները այս տարի հրաժարվել են հիշատակել «Կոլցո» տխրահռչակ գործողությանը խորհրդային զորքերի մասնակցության փաստը՝ լռության մատնելով, որ երեսուն տարի առաջ նախ խորհրդային զորքերն էին սկսում գործողությունը, որոնց այնուհետև միանում էին Խորհրդային Ադրբեջանի ոստիկանական ուժերը՝ ОМОН-ը։

1991թ. ապրիլից օգոստոսը իրականացված «Կոլցո» գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ երեք տասնյակ հայկական գյուղեր ենթարկվեցին էթնիկ զտման ու բռնագաղթի, զոհվեցին, վիրավորվեցին, անհետ կորան ու գերեվարվեցին մի քանի հարյուր հայեր, հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց տունը։ Գործողությունն իրականացնում էին Կիրովաբադում՝ ներկայիս Գյանջայում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի զորամիավորումները՝ Ադրբեջանական ԽՍՀ ОМОН-ի հետ միասին՝ զինված ուղղաթիռներով, տանկերով, զրահամեքենաներով, «Գրադ» կայանքներով։

«Կոլցո» գործողությունը չէր առնչվում միայն Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հայկական բնակավայրերին։ 1991 թվականի մայիսին խորհրդային զորքերը գործողություն իրականացրեցին նաև Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի դեմ։

«30 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 6-ին, «Կոլցո» օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում Նոյեմբերյանի շրջանի ոստիկանությունը Ոսկեպարի մատույցներում ադրբեջանական զինված ուժերի՝ ОМОН-ի կողմից ենթարկվեց ռազմական հարձակման և շրջափակման: Արդյունքում սպանվեցին 11 հայորդիներ, մյուսները՝ գերեվարվեցին և տեղափոխվեցին ադրբեջանական բանտեր, որտեղ խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեցին ևս երեք ոստիկաններ»,- կարդում ենք Հայաստանի Ազգային ժողովի խմբակցությունների այս մայիսի 7-ին տարածած համատեղ հայտարարությունում։

Թե հայաստանյան խորհրդարանականները ինչո՞ւ են մոռացության մատնել պատմական այդ կարևոր փաստը, «Ազատությունն» այսօր փորձեց ճշտել նրանցից։ Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով 1991-ի այդ օրերին Հայաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր, այսօր միայն խորհուրդ տվեց այդ հարցով դիմել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ ըստ էության անպատասխան թողնելով հարցը։

«Կոլցո» օպերացիայի մասին կարող եք Սեյրան Օհանյանին հարցնել, ինքը այդ ժամանակ ծառայում էր 361-րդ գնդում՝ Ստեփանակերտում տեղակայված», - ասաց Քոչարյանը:

«Ազատության» հարցին՝ խորհրդային բանակը մասնակցություն չի՞ ունեցել, որ անունը հիշատակված չէ Ազգային ժողովի պաշտոնական հայտարարությունում, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Ես պատասխան տվեցի, մի շարունակեք: Ձեզ պատասխան տվեցի՝ ում պետք ա դիմեք այդ հարցով»:

Քոչարյանն իր հետևից գոցեց դուռը։

Մեծությամբ երկրորդ խմբակցությունից՝ «Բարգավաճ Հայաստանից» օրվա ընթացքում չհաջողվեց մեկնաբանություն ստանալ. այդպես էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը չհիշեց՝ ինչի մասին է խոսքը. «Չեմ հիշում, կնայեմ տեքստը»:

Հայաստանի տարբեր պետական կառույցներ նախորդ տարիներին բազմիցս են անդրադարձել և՛ «Կոլցո» գործողությանը, և՛ մասնավորապես Ոսկեպարում տեղի ունեցածին, բայց ի տարբերություն Ազգային ժողովի այս հայտարարության, նախկինում նշվում էր խորհրդային բանակի դերակատարության մասին։

«1991թ. առաջին կեսին ադրբեջանական ՕՄՕՆ-ը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները) խորհրդային բանակի աջակցությամբ, բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ հայ բնակչության դեմ՝ իրականացնելով նախօրոք մշակված «Կոլցո» (Օղակ) բռնի տեղահանության օպերացիան»,- կարդում ենք Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի՝ Հայաստանի ժամանակակից պատմությանը վերաբերող բաժնում։

1991-ի մայիսին Խորհրդային Հայաստանի ոստիկանության՝ միլիցիայի սերժանտ Գևորգ Գիշյանը, 10-ը մայիսի, 2021թ.
1991-ի մայիսին Խորհրդային Հայաստանի ոստիկանության՝ միլիցիայի սերժանտ Գևորգ Գիշյանը, 10-ը մայիսի, 2021թ.

Գևորգ Գիշյանը պատմում է, թե երեսուն տարի առաջ ինչպես իրենց գերեվարեցին ու Կիրովաբադ տեղափոխեցին խորհրդային բանակի զինվորները՝ սպանելով իր զինակից ընկերներին՝ Խորհրդային Հայաստանի միլիցիայի աշխատակիցներին։

«Առավոտ ժամը 6-ին 15 պակաս հասել ենք այդ դեպքի վայր, որտեղ միանգամից կրակոցի տակ ենք ընկել», - ասաց Գիշյանը:

«Ազատության» հարցին, թե ո՞վ էր կրակում, պատասխանեց. «Այդ ժամանակ չգիտեինք, մեքենայի մեջ էինք, սկսեցին կրակելը, մեկ էլ դադարեցրին, տղերքից մեկը գոռաց мы сотрудники милиция, միչև էդ գոռում էր՝ միլիցիայի աշխատող ենք, հայ ենք, չդարարեցրին, երբ որ դադարեցրին, մեքենայի մեջ մտան, տղերքից որը զոհվել էր, որը զոհվում էր, որը վիրավոր, մտան զինվորական ֆորմով, մասկեքով սպեցնազի, նոր ջոկեցինք, որ ռուսներ են ու իրանք մեր ձեռքի զենքերը հավաքեցին, իջեցրին մեքենայից, որը կարում էր, օգնում էր մեզ վիրակապ էր անում՝ ռուսների թույլտվությամբ: Երկար՝ մոտ 1 ժամ, 1,5 ժամ մնացինք, տանկեր իջեցրին, մցրին տանկերի մեջ կամ վրեն կապեցին, տանկերով իջեցրին տարան իրենց մոտ», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:

Հարցին, թե իրենց բազան որտեղ էր, Գիշյանը պատասխանեց. «Ոսկեպարի դիմաց եկեղեցու մոտ, տարան հանձնեցին թուրքերին, ռուսները հանձնեցին թուրքերին»:

Գիշյանը 63 օր մնացել է ադրբեջանական գերության մեջ. «Տեղում ունեցանք 11 զոհ, ոստիկաններ և ավտոբուսի վարորդներ, 13 հոգի հայտնվեցինք գերության մեջ, ութս ծանր էինք վիրավոր, երկուսը՝ թեթև, ճանապարհին Արմեն Ազիբեկյանը մահացավ, արդեն հանձնել էին ադրբեջանցուն: Մեզ որ տեղափոխում էին հիվանդանոց Ղազախի, Ազիբեկյան Արմենը մահացավ, Ամիրաղյան Աշոտին, որը ավտոբուսի վարորդի կողքին էր, ճանապարհը ինքը գիտեր, խոշտանգեցին, ծեծելով մարդուն սպանեցին ադրբեջանցիները»:

«Տավուշ» հեռուստաընկերությունը անցած տարվա մայիսին հրապարակեց Նիկոլայ Գրիգորյանի՝ 1991թ. մայիսի 6-7-ին պատրաստած ռեպորտաժը Ոսկեպարում տեղի ունեցածի վերաբերյալ, Խորհրդային Հայաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Միքայել Գրիգորյանն էլ պատմում է, որ խորհրդային զորքերը իրենց արգելել են անգամ մուտք գործել գյուղ. «Ոսկեպարը կարծեց թե ռազմաճակատային գոտի է, շրջապատված է խորհրդային զինվորների կողմից և այնտեղ մուտք գործելու որևէ հնարավորություն չկա, ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Քոչարյանը բանակցություններ վարեց, բայց դրանք արդյունք չտվեցին, որովհետև ամենաբարձր ատյանները արգելեցին այնտեղ մուտք գործել՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով»:

Արցախի ԱԳՆ-ն ևս հրաժարվել է հիշատակել «Կոլցո» գործողությանը խորհրդային զորքերի մասնակցության փաստը

Այս ապրիլի 30-ին «Կոլցո» գործողությանը անդրադարձել էր նաև Արցախի արտգործնախարարությունը՝ դարձյալ հրաժարվելով նշել խորհրդային զորքերի մասնակցության մասին։ «30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո» (Օղակ) գործողությունը, որն իրավամբ կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը», - կարդում ենք Դավիթ Բաբայանի գլխավորած գերատեսչության հայտարարությունում։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ընդգծում է՝ 1991թ. այդ ամիսներին դեռ Խորհրդային Միությունը կար (այն դադարեց գոյություն ունենալ 1991թ. դեկտեմբերին), ուստի, ընդհանրապես, սխալ է խոսել ադրբեջանական ոստիկանական ուժերի մասին, որովհետև դրանք Խորհրդային Միության միլիցիայի մասն էին։

«Երբ որ մենք բացարձակ շրջանցում ենք, առաջին հերթին դե դա քաղաքականություն է, հասկանալի է՝ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, Ռուսաստանի խաթրին բան ասող չլինի, բայց մենք լրիվ ընդունում ենք, որ Ադրբեջանն իրավունք ունի պատմությունը կեղծելու, այն, ինչի մասին անընդհատ խոսում եք: Լավ են անում կեղծում են, եթե մեր պաշտոնական հայտարարությունը կեղծում է իրականությունը, չեզոք տոնով անգամ չի ասում ԽՍՀՄ, չեմ ասում ասի՝ Ռուսաստան, ԽՍՀՄ-ն էր չէ՞ 89 թվի ОМОН-ի հիմնադիրը, ОМОН-ի ղեկավարը, ОМОН-ի ուղղորդողը», - ասաց Խառատյանը:

XS
SM
MD
LG