Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր որոշեց բավարարել ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիայի խափանման միջոցը փոխելու դատախազության միջնորդությունը։ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդը ձերբակալվել էր անցած փետրվարին։
Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով։ Նրան ազատ արձակելը Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունների կետերից մեկն է։
Անհրաժեշտ գրավը՝ 40 հազար լարին (ավելի քան 11,5 հազար դոլար) հատկացրել է Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը։
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունը քննադատվել էր միջազգային կառույցների կողմից, իսկ նախկին վարչապետ Գեորգի Գախարիան որպես բողոքի նշան հրաժարական էր տվել։