Մատչելիության հղումներ

«Ոչ միայն զենքով, այլ խելքով». պատերազմում վիրավորված Ավագը իրավաբան կդառնա


Լոռու մարզի Լեջան գյուղում պատերազմի գույները թղթին է տալիս Ավագ Դալլաքյանը։ Ընդամենը երկու ամսվա ծառայող էր՝ ահարկու պատերազմն սկսվեց։ Շուրջբոլորը կրակ, տագնապ, մահ ու սարսուռ է տեսել 41 օր։ Դրվագ առ դրվագ հիշողությունները նկարներ է դարձնում՝ հույսով, որ դրանք էլ երբեք իրական պատմություններ չեն լինի։

18-ամյա երիտասարդն այսօր հանգստությամբ է պատմում՝ ինչպես օրերով չէին քնում, ինչպես էին սովն ու ծարավը հաղթահարում, ինչպես էին երազում մի քանի բառ փոխանցել հարազատներին, իբրև թե ամեն ինչ կարգին է, իրենց վտանգ չի սպառնում։ Այդ ամենը պատերազմի օրերին սովորական դարձած մի բան է թվացել:

«Արդեն սովոր էինք: Սկզբի երկու օրը մենք ոչ ուտելու բան ենք ունեցել, ոչ էլ խմելու: Տղերք կային, որ թուլությանից չէին կարում շարժվեին, հետո իմացանք, որ մեքենան եկել ա, բայց մեզանից համարյա մի կիլոմետր հետ ա կանգնել: Ես սերժանտ Վարդանի հետ էի գնում, գինում էինq հավաքում էինք ընդեղից ջուր, ինչ լիներ հավաքում էինք, մեկ էլ փամփուշտ», - պատմեց Դալլաքյանը:

Պատմում է՝ մոտ մեկ ամիս Հադրութում է կռիվ տվել, hետո տեղափոխվել են Մարտունին պաշտպանելու։ Հենց այդ ժամանակ, պատերազմի 41-րդ օրը վիրավորվել է։ Ռուս լրագրողի կադրերում է երևում՝ ինչպես են տեղափոխում վիրավոր Ավագին։

«Նենց եղավ, որ պետք էր կրակի ուղղությունը շեղվեր, էն ամենավերջինները սկսեցին հետ գնալը, հասավ ամենադեմերը չկարողացանք արդեն, չէինք կարա հետ գնայինք, կանգնեցինք մի երեք հոգով բաց տեղը, կրակը շեղեցինք մեր վրա, որ մեզ կրակեն, մնացածը մեր հետևից փորձեն փախչեն, էդ ընթացքը, որ մնացածը հետ գնան, որ ես սկսեցի կրակելը, զգում էի փամփուշտի սուլոցները, որ ոտքերիս մոտով անցնում ա, ու չի կպնում, բայց արդեն ես զգում էի էլի ինձ ինչքան մոտ ա, հետո շրջվեցի տենամ մարդ չկա, ասի, ուրեմն սաղ նահանջել են, շրջվեցի, որ ես էլ վազեմ մեջքիցս խփեց», - պատմեց Ավագ Դալլաքյանը:

Պահարանում խնամքով պահում է զինվորական հագուստը, որի մեջ վիրավորվել է:

Պատերազմի ամենաթեժ օրերին 15 օր տուն զանգելու հնարավորություն չի ունեցել։ Եղբոր ծննդյան օրը կարողացել է իսկական նվեր անել հարազատներին։ Մայրը՝ Հասմիկ Հարությունյանն այսօր խոսելիս արցունքներն ու ժպիտն է միախառնում։ Ասում է՝ թշնամուն անգամ չէր ցանկանա այն, ինչ ապրել ու զգացել է ավելի քան 40 օրերին։ Աշնանը երկրորդ որդուն կճանապարհի բանակ։

«Սկեսուրս, ով հարցնում էր՝ Ավագը ո՞նց ա, ասում ա՝ ասեք աչքներդ լույս, թոռդ վիրավոր ա, այ էդ վիճակն ա, ասեք՝ աչքներդ լույս, որ էրեխեն կա, գալիս ա: Հիմա ուր գնում եմ, ինչ առիթ էլ լինի, առաջինը միշտ ասում եմ՝ թող աշխարհին խաղաղություն լինի, թող ոչ մի ծնող էս ապրումները չունենա, ինչ որ մենք ենք ունեցել», - ասաց մայրը:

41 օր սարսափելի կռիվների մասնակցած երիտասարդը դեռ դժվարությամբ է քայլում։ Առողջական խնդիրների պատճառով երեք տարով ազատվել է հետագա ծառայությունից։ Ասում է՝ ապաքինվի, էլի կգնա բանակ, պետք լինի՝ պատերազմի էլ կմասնակցի։ Բայց մինչ այդ որոշել է բարձրագույն կրթություն ստանալ։ Իրավաբան է դառնալու. «Նենց չի, որ մենակ զենքով ա ամեն ինչ լուծվելու, հա, զենքը էլի պետք ա, բայց ոչ էնքան ինչքան խելքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG