Ալեքսանդր Լուկաշենկոն «հիմար ու անհեռատես» քայլ է որակել Գերմանիայի դատախազություն ներկայացված հայցը, որով մի խումբ բելառուսցիներ նրան մեղադրում են մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար։
Խոսելով Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակից երկու օր առաջ՝ Լուկաշենկոն պնդել է, թե իրեն «ֆաշիզմի ժառանգներն են դատի տվել»։ «Թող լիներ Մեծ Բրիտանիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում, որոնք կոալիցիայի մաս էին․․․Բայց ոչ ֆաշիզմի ժառանգները․․ով եք դուք, որ ինձ դատեք` այն էլ իմ երկիրն ու ժողովուրդը պաշտպանելու համար»,-ասել է Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Լուկաշենկոն։
Վերջինիս դեմ հայցը ներկայացվել է այս շաբաթվա սկզբին։ Գերմանացի փաստաբանները կոչ են անում Դաշնությանը անկախ հետաքննություն անցկացնել՝ օգտվելով օրենքի այն կետից, որը հնարավորություն է տալիս քրեական պատասխանատվության կանչել այլ պետության տարածքում կատարված գործողությունների համար, եթե դրանք հակասում են միջազգային իրավունքին։
Իրավապաշտպանների հաշվարկով, անցած տարվա օգոստոսի վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած ցույցերում ձերբակալվել է ավելի քան 35 հազար մարդ, հազարավորները բռնությունների ու կտտանքների են ենթարկվել, 8 մարդ զոհվել է։ Արևմուտքը Լուկաշենկոյի հաղթանակն այդ ընտրություններում չի ճանաչել։