Մատչելիության հղումներ

Մշակութային լուրեր


Երևանի պետական կոնսերվատորիայի շենքը, արխիվ
Երևանի պետական կոնսերվատորիայի շենքը, արխիվ

Հայ մեծանուն արվեստագետներից շատերն են իրենց կյանքն ապրել հայրենիքից դուրս՝ այդուհանդերձ սերտորեն կապված լինելով թե՛ հայրենիքին, թե՛ հայրենի արվեստին ու մշակույթին, ինչն ակներև է նրանց ստեղծագործություններում: Լավագույն կոմպոզիտորներից Արամ Խաչատրյանն ու քանդակի մեծ վարպետներից Նիկողոս Նիկողոսյանը ապրել ու ստեղծագործել են Մոսկվայում և նրանց շաղկապել է վաղեմի, անքակտ բարեկամությունը:

Արամ Խաչատրյանի մահվան լուրն առնելուց հետո Նիկողոս Նիկողոսյանը շտապում է ստեղծել մեծանուն իր բարեկամի հետմահու դիմաքանդակը, որն այսօր քանդակագործի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը նվիրեց մայրաքաղաքում գտնվող Արամ Խաչատրյանի թանգարանին:

«Նիկողոս Նիկողոսյանի Արամ Խաչատրյանի կիսանդրին երկար տարիներ արդեն մեր ցուցասրահներից մեկում ներկայացվում է, և մենք տեղեկացված էինք, որ հետմահու դիմակը նույնպես ստեղծված է այդ մեծանուն նկարիչ, քանդակագործի կողմից: Հասկանալի է, որ թանգարանի հավաքածուն համալրվում է ցանկացած նոր նմուշով, դա մեծ ուրախություն ու արժեք է թանգարանի համար», - ասաց թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Քանդակագործ, գեղանկարիչ Նիկողոս Նիկողոսյանը ապրել է գրեթե 100 տարի: Նա իր մահկանացուն է կնքել 2018 թվականին՝ ծննդյան 100-ամյակը բոլորելուց ընդամենը մի քանի ամիս առաջ: Հենց 2018 թվականին էլ նրա դուստրը Մոսկվայում հիմնադրեց «Նիկո» գեղարվեստի պատկերասրահը, որտեղ լայնորեն ներկայացված են քանդակագործի աշխատանքները: Որոշ ժամանակ անց Երևանում բացվեց պատկերասրահի մասնաճյուղը: Անցյալ տարի Մոսկվայում «Նիկո» գեղարվեստի պատկերասրահում հանդես եկավ «Արամ Խաչատրյան» տրիոն, որի հիմնադիր անդամներից է լավագույն դաշնակահարուհիներից Արմինե Գրիգորյանը՝ Երևանում գտնվող Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը: Եվ հենց «Նիկո» պատկերասրահում Արմինե Գրիգորյանի և Գայանե Նիկողոսյանի հանդիպումից էլ ծնունդ է առնում Արամ Խաչատրյանի հետմահու դիմակը Երևանում գտնվող նրա տուն-թանգարան տեղափոխելու հեռանկարը, որն էլ իրագործվեց այսօր՝ Գայանե Նիկողոսյանի մասնակցությամբ:

Այսօր մեկ այլ ուշագրավ իրադարձություն էլ տեղի ունեցավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ Կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ նշվեց «Շրջանավարտի օրը»: Մասնակցում էին Կոնսերվատորիայի բոլոր ժամանակների հին ու նոր շրջանավարտները:

Ինչպես ընդգծում է այս միջոցառման կազմակերպիչ, Կոնսերվատորիայի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արմեն Բաղդասարյանը, այս տարի բազմաթիվ միջոցառումներ են նախապատրաստել հավուր պատշաճի նշելու Կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյա հոբելյանը:

«Շրջանավարտների օրը կարող է թվալ, թե դա ուղղված է դեպի անցյալը, հուշերը, կարոտը և այլն, իհարկե, կարոտի բաղադրիչը կա, շատ ավելի ուղղված է դեպի ապագան, դեպի զարգացման տեսլականը: Առաջին անգամ է սա տեղի ունենում, բայց մենք հույսով ենք, որ հաջորդ տարիներին սա դառնալու է գեղեցիկ ավանդույթ, որովհետև Կոնսերվատորիան կարիք ունի իր շուրջ համախմբելու իր ամբողջ համայնքին», - ասաց Բաղդասարյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG