Հայաստանի արտգործնախարարությունը ողջունում է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը:
«Սա ևս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Այս հռչակագիրը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարևորագույն գրավականներից է», - ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Հայաստան ԱԳՆ հաղորդագրությունում նաև ասված է. «Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»։
Լատվիան պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտնում է, որ կողմ են արտահայտվել Սաեյմայի 100 անդամներից 58-ը: