Մատչելիության հղումներ

Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ, հայտարարում է դեսպանը


«Մենք շահագրգռված ենք ընդլայնել և խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները և կարևորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ», - հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ հանդիպմանը:

ԱԺ հաղորդակցության վարչությունը հայտնում է, որ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում:

ԱԺ նախագահը Հայաստան է հրավիրել Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին:

«Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է եւ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը մտահոգություն հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ. «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով:

Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG