Մատչելիության հղումներ

Լոռու Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի ղեկավարը, 2012-2017թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հաստատապես իմանալով, որ եղբոր ընտանիքը որպես նպաստառու հաշվառված է անապահովության գնահատման համակարգում, և նրան համայնքապետարանում աշխատանքի ընդունելու պարագայում վերջինիս ընտանիքը կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, պայմանավորվածություն է ձեռք բերել իր անմիջական ենթակա, նույն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նրա եղբոր հետ, որից հետո իր եղբոր փոխարեն վերջինիս ձևականորեն ձևակերպել է վարորդի պաշտոնում:

Այնուհետև, ինչպես կոմիտեն է նշում, համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:

Ըստ հաղորդագրության՝ համայնքի ղեկավարի եղբայրն իր հերթին, 2012-2016թթ. ընկած ժամանակահատվածում, փաստացի կատարելով վարորդի պարտականությունները, Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացված ամենամյա դիմում-հայտարարագրերում կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, չունի այլ եկամուտներ և խաբեության եղանակով, խարդախությամբ հափշտակել 1 միլիոն 706 հազար դրամ նպաստի գումար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG