Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ի թիվս այլ ուշագրավ փառատոների տարիներ առաջ հիմնադրեց Հայ կոմպոզիտորական արվեստի ամենամյա փառատոնը, որն այս տարի կանցկացվի արդեն 12-րդ անգամ: Փառատոնի հանդիսավոր բացումը և առաջին համերգը տեղի կունենա վաղը՝ մայիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մայիսի 4-22-ն ընկած ժամանակաշրջանում փառատոնային համերգների համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շատ ուշագրավ ծրագիր է նախապատրաստել, և ինչպես նշում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, ամեն տարի փառատոնը նվիրվել է մեր լավագույն կոմպոզիտորներից մեկին, բայց այս տարին յուրահատուկ է:
«Այս տարին հոբելյանաշատ տարի է հայ կոմպոզիտորների համար, ունենք միանգամից մի քանի կոմպոզիտորների հարյուրամյակ, ինչպես նաև անցած տարվանից ունենք Ղազարոս Սարյանի 100-ամյակը, որին նվագախումբը պատշաճ չկարողացավ անդրադառնալ՝ համերգին ստեղծագործություններ հնչեցնելով, այլ միայն մենք մեր կատարումները բեմադրեցինք համացանցում, ուղղակի նշելու Ղազարոս Սարյանի 100-ամյակը: Այս տարվա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը խարսված է հոբելյանների վրա, որոնք նշելու ենք այս տարի: Մասնավորապես Առնո Բաբաջանյանի և Ադամ Խուդոյանի 100-այմակները, Ջոն Տեր-Թադևոսյանի 95-ամյակի, Միխայիլ Կոգժաևի 75-ամյակը, Երվանդ Երկանյանի 70-ամյակը, բոլորը լրանում են աս տարի, և մենք մեր փառատոնի շրջանակներում անդրադառնալու ենք այս կոմպոզիտորների ստեղծագործություններին», - ասաց Բալբաբյանը:
Փառատոնի շրջանակներում կայանալիք համերգները կղեկավարեն Սերգեյ Սմբատյանը, Ռուբեն Ասատրյանը և Վահագն Պապյանը: Որպես մենակատար հանդես կգան ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը և անվանի թավջութակահար Արամ Թալալյանը: Փառատոնի բացման համերգը կղեկավարի Վահագն Պապյանը: Կհնչի Առնո Բաբաջաբյանի Ջութակի կոնցերտը, նաև Ղազարոս Սարյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները, որոնք երկար ժամանակ չեն հնչել մեր համերգասրահներում:
«Այս տարի ունենք նաև մի շատ կարևոր հոբելյան՝ Ալեքսանդր Սպենդարյանի 150-ամյակը, որը նույնպես նշելու ենք փառատոնի ընթացքում», - ասաց Բալբաբյանը:
Փառատոնը ոչ միայն հնարավորություն է ստեղծում երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններին ծանոթանալու, այլև մոռացությունից դուրս բերելու մեր լավագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները. «Փառատոնի գլխավոր նպատակը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պահպանումն է, հայ կոմպոզիտորական արվեստի պահպանումը, նոտաների թվայնացումը, դրանց ձայնագրումը, տեսագրումը և տարածումը»: