Այսօր վաղ առավոտյան չորս աստղանավորդներ Երկիր են վերադարձել մեծահարուստ Իլոն Մասքի հիմնադրած SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավի Resilience մոդուլով:
Ամերիկացի աստղանավորդներ Մայքլ Հոփքինսին, Վիկտոր Գլովերին, Շենոն Ուոքերին և ճապոնացի աստղանավորդ Սոիտի Նոգուտիին փոխադրող Resilience մոդուլը բարեհաջող ջրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի նահանգի ափի մոտակայքում:
Միջազգային տիեզերակայանից անջատված մոդուլը 7 ժամում է հասել Ատլանտյան օվկիանոսի Մեքսիկական ծոց:
Անձնակազմն անցյալ տարվա նոյեմբերին է մեկնել Միջազգային տիեզերակայան և միացել այնտեղ աշխատող ռուսաստանցիներ Սերգեյ Ռիժիկովին, Սերգեյ Կուդ-Սվերչկովին և ամերիկուհի Քեթլին Ռուբինսին:
Ապրիլի 24-ին մեկ այլ Crew Dragon տիեզերանավով Միջազգային տիեզերակայան են մեկնել ամերիկացի աստղանավորդներ Շեյն Քիմբրոուն, Մեգան ՄքԱրթուրը, Եվրոպական տիեզերական գործակալության աստղանավորդ, ֆրանսիացի Տոմա Պեսկեն և Ճապոնիայի տիեզերական հետազոտությունների գործակալության աստղանավորդ Ակիհիկո Խոսիդեն: Նրանք կես տարի կմնան տիեզերքում: