Գյումրիում առաջիկայում IDеA հիմնադրամի նախաձեռնությամբ նոր այգի կհիմնվի։ Առայժմ միայն նախնական աշխատանքներն են կատարվել. Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնող տարածքը ազատվել է տնակներից, պատրաստ է նաև այգու կոնցեպտը։
Ծրագիրը իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանից հետաքրքվեցինք, թե ի վերջո երբ են մեկնարկելու Բարեկամության այգու բուն շինարարական աշխատանքները և երբ են ավարտվելու։
«Կախված շինարարության սկզբից` այս տարի հույս ունենք, որ շատ շուտով շինարարությունը կմեկնարկի, և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հաջորդ տարի` 22 թվականի օգոստոսի դրությամբ մենք քաղաքացիների համար արդեն ունենանք գոնե հիմնական օբյեկտների կիրառելիությունը, այսինքն` որպեսզի այգին բաց լինի», - ասաց նա:
Ելենա Մուրադյանը չցանկացավ ասել, թե որքան գումար կծախսվի։ Նշեց միայն, որ այգու կոնցեպտը մշակելիս հաշվի է առնվել Գյումրիի մշակույթն ու կոլորիտը, նաև տեղի արվեստագետների կարծիքներն են լսել. «Ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձեր, և ասեմ, որ ընտրվել է Գյումրվան բնորոշ տարածաշրջանի համար աննախադեպ այգի»:
7.2 հեկտար տարածք զբաղեցնող այգին մի քանի մասից է բաղկացած լինելու՝ կունենա կանաչ գոտի, խաղաղահրապարակներ, նաև կրթական ծրագրերի համար նախատեսված զոնաներ. «Այգին ոչ միայն հասարակական կանաչապատ տարածք է, այլ նաև այսպես կոչված` պլատֆորմ է, որը թույլ է տալու տարբեր օբյեկտների միջոցով աշխատելով տեղի բնակիչների հետ տարատեսակ ժամանցի և նաև ինչու ոչ կրթական տարբեր ծրագրեր ունենալ: Կրթական ծրագրերը տարվա կտրվածքով ունենալու ենք տարիքային բոլոր խմբերի համար` դպրոցական երեխաների, տարիքով մեծերի համար, և նախատեսում ենք, օրինակ, այգում բացել այգեգործության դպրոց, որը Հայաստանի համար է լինելու որպես մոդել` կանաչապատ տարածքների ճիշտ ձևավորման և հետագա խնամքի համար, պատրաստելու է նաև մասնագետներ»:
Ելենա Մուրադյանի փոխանցմամբ՝ ատրակցիոներն արդեն հիմնականում ներկրված և պահեստավորված են Գյումրիում։ Այգու շահագործումից հետո 50 մարդ կաշխատի այնտեղ։ Կանաչ գոտին ևս հատուկ դիզայնով է մշակվել: 700-ից ավելի տեսակի ծառ ու թուփ է տնկվելու: Այգու 70-75 տոկոսը զբաղեցնելու է կանաչ գոտին, մնացածը՝ ենթակառուցվածքները:
Բնապահպան Գևորգ Պետրոսյանը նշում է՝ եթե կանաչ գոտու համար սահմանված 70-75 տոկոսը պահպանվում է, ապա բնապահպանական խնդիր չի տեսնում. «Հայտարարված չափորոշիչների մոտ 70 տոկոսը կանաչ տարածքներն են լինելու, 70-75 տոկոս, այդ թիվը այգու համար մեր ունեցած բոլոր տեղերի հետ համեմատած բավականին լավ թվեր են, և կարծում եմ, որ բնապահպանական առումով տեղում մենք խնդիրներ չենք ունենա: Լավ է, որ մենք կունենանք նաև բաց ջրային տարածքներ, նախատեսվում են նման տարածքներ, դրանք նույնպես շատ կարևոր են Գյումրիում, հատկապես օդի խոնավությունը տարածքում ապահովելու համար, ինչը կարող է էապես փոխել միկրոկլիման այդ տարածքի և բավականին բարենպաստ դարձնել»:
Այգու ամբողջական դիզայն-կոնցեպտը մշակել է P&C Lab ճարտարապետական բյուրոն: Թիմի ղեկավար Մարգարիտա Ասիրյանը ասում է, որ իրենք հաշվի են առել կլիմայական պայմանները և այնպիսի նախագիծ մշակել, որ այգին գործի տարվա բոլոր եղանակներին. «Ձմռանն ունենալու ենք մեծ ծրագիր ամենաակտիվ ու աղմկոտ հատվածում, որտեղ ամռանը ատրակցիոններն են լինելու, ձմռանը կլինի սահադաշտ, մարկեթ- վերնիսաժ, ոտրեղ կարելի է զբոսնել: Բացի այդ, ունենք մեծ թվով փակ տարածքներ, որոնք կջեռուցվեն՝ և՛ սրճարաններ, և՛ ցուցասրահներ, և՛ այլ ֆուկնցիոնալ տարածքներ, կարելի է ներսում նստել և թափանցիկ ճարտարապետության շնորհիվ զգալ այգու մասնիկը»։
Այգին պարիսպ չի ունենա, հենց այդ հանգամանքը, Մարգարիտա Ասիրյանի խոսքով, թափանցիկություն կտա այգուն. «Սա շատ կարևոր քայլ է: Դա թույլ կտա բարձրացնելու տարածքի օգտագործման կուլտուրան: Դրան պետք է ընտելանալ»: