Մատչելիության հղումներ

Հայաստանի ջազմենները երեկ չկարողացան նշել Ջազի համաշխարհային օրը


Shutterstock, jazz music generic
Shutterstock, jazz music generic

Երեկ` ապրիլի 30-ին-ին ողջ աշխարհում նշվում էր Ջազի միջազգային օրը: Այս օրը Հայաստանում սկսեց նշվել ճիշտ 10 տարի առաջ, և այս տարի մեր ջազմենները պատրաստվում էին այդ օրը նշել նաև որպես հոբելյանական օր: Երեկ, սակայն, նրանք չկարողացան նշել այն, և այսօր հրավիրած ասուլիսին Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը դրա ողջ պատասխանատվությունը բարդեց Երևանի քաղաքապետարանի վրա, որի հետ փետրվար ամսվանից սկսած չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Կամո Մովսեսյանը նշեց, որ նախ քաղաքապետարանը մերժել է իրենց առաջարկը՝ ապրիլի 30-ին նշելու Ջազի միջազգային օրը, հետո, որոշ ժամանակ անց համաձայնել է, հետո՝ կրկին մտափոխվել:

«Երևի թե քաղաքապետը այդ պահին հասկանում է, թե ինչպիսի խնդիրներ կարող են լինել վարկանիշային՝ Երևան քաղաքի և ոչ միայն, իհարկե, Երևան քաղաքի՝ նաև Հայաստանի հետ կապված, ասում է՝ շատ լավ, արդեն չորրորդ անգամ քաղաքապետարանը մեզ բանավոր կերպով ասում է՝ «շատ լավ, կազմակերպում ենք Ջազի միջազգային օրը, բայց նույնպես այլ ֆորմատով»: Առաջարկում են դա կազմակերպել Սիրահարների այգում և նաև նշում են դրան զուգահեռ, որ «մենք կտրամադրենք Ջազի միջազգային օրվա միջոցառման կազմակերպման համար 15 միլիոն»», - պատմեց Մովսեսյանը՝ շեշտելով. - «15 միլիոն դրամ գումարը հնչեցվել է քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև՝ անցկացման վայրը»:

Ի վերջո քաղաքապետարանը մերժել է ասոցիացիայի առաջարկը՝ ասոցիացիային ուղղված նամակում, որ Կամո Մովսեսյանը երեկ է վերցրել քաղաքապետարանից, ընդգծելով , որ նպատակահարմար չի համարվում այս տարի մասնակցել Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին, քանի որ Ջազի հայկական ասոցիացիայի տրամադրած ֆինանսական հաշվարկը ողջամիտ կասկած է հարուցում ներկայացված ծախսերի ուռճացված լինելու առումով: Այս կապակցությամբ, ինչպես նշված է նամակում, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը իրականացնում է քննություն:

Այս նամակն այսօր ասուլիսին ներկայացրեց Կամո Մովսեսյանը՝ չթաքցնելով վիրավորանքն ու վրդովմունքը ոչ միայն նամակի կապակցությամբ, այլև վերջին ամիսների ընթացքում քաղաքապետարանի հետ այդպես էլ չստացված երկխոսության և անվստահության համար: Քաղաքապետարանից դեռ 2019 թվականին որպես պարգև ստացած ոսկե մեդալն էլ, հայտարարեց, որ հետ է վերադարձնելու:

«Ազատության» հարցին, թե առանց քաղաքապետարանի աջակցության չէի՞ն կարող արդյոք իրենք իրենց ուժերով համախմբվել և նշել Ջազի միջազգային օրը, Մովսեսյանն արձագանքեց, որ կարող էին, բայց ժամանակի սղության պատճառով չհասցրեցին այդ անել:

«Հարգելի քաղաքապետարանի աշխատակիցներ, հիմա դիմում եմ ձեզ: Ես ձեզ տալիս եմ եռօրյա ժամանակ՝ աշխատանքային, որպեսզի դուք այդ ձեր գրության մեջ օֆիցիալ կա՛մ հրապարակեք, կա՛մ ներկայացնեք Ջազի հայկական ասոցիացիայի, ՀԿ-ի կողմից տրամադրված ֆինանսական հաշվարկը, որտեղ այդ փաստաթղթի տակ կլինի կնիք և ստորագրությունը: Մենք որևէ պաշտոնական փաստաթուղթ Երևանի քաղաքապետարան չենք ներկայացրել: Եռօրյա ժամկետում եթե իրենք այդ փաստաթուղթը չներկայացնեն կամ չհրապարակեն պաշտոնական, մենք՝ Ջազի հայկական ասոցիացիան դիմելու է դատարան», - հայտարարեց ասոցիացիայի նախագահը:

Դե իսկ քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ, այսօր «Ազատությանը» ներկայացնելով քաղաքապետարանի տեսակետն այս հարցի կապակցությամբ, շեշտեց. - «Ասոցիացիայի հարգարժան գործընկերները ուղարկել են նախահաշիվ, որը որոշակի զննությունից, որոշակի զննության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ տվյալներ առ այն, որ այդ նախահաշվով ներկայացված ծախսերը խիստ ուռճացված են՝ գրեթե կրկնակի չափով, իսկ Ջազի հայկական ասոցիացիային իրենց դիմումին ի պատասխան քաղաքապետարանը նշել է, որ նպատակահարմար չի համարում ֆինանսավորել այդ համերգը: Դա չի նշանակում, որ քաղաքապետարանը չեղարկել է ինչ-որ համերգ, դա չի նշանակում, որ քաղաքապետարանը արգելել է ինչ-որ համերգի անցկացում, դա նշանակում է, որ քաղաքապետարանը հրաժարվել է ֆինանսավորել այդ համերգը իմ նշած պատճառներով, համենայն դեպս»:

«Ուղղակի ես կուզեի իմ լրագրող գործընկերներին հետաքրքրվել, թե այսօրվա ասուլիսի կազմակերպման համար ինչքան գումար է ծախսել Ջազի հայկական ասոցիացիան, որովհետև, օրինակ, ներկայացված նախահաշվում էսպիսի տող կար՝ «Մամլո ասուլիսի անցկացում՝ 500 հազար դրամ», կամ, օրինակ, տող կար, որ «Կազմակերպիչների շահույթ՝ 1,5 միլիոն դրամ»: Եթե մենք խոսում ենք համայնքի աջակցությամբ իրականացվող համերգների մասին, էն էլ՝ մասնագիտական տոնի մասին, էդտեղ պետք է հարց տանք՝ որքանո՞վ է պատշաճ նման շահույթի հետապնդելը», - ընդգծեց Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG