Ռուսաստանը դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը, բայց և ընդարձակեց սեփական ռազմական ու տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում, հայտարարել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Սքոթ Բերրյերը։ Ամերիկյան Կոնգրեսում ներկայացնելով համաշխարհային սպառնալիքներին ու վտանգներին նվիրված տարեկան զեկույցը՝ գեներալ-լեյտենանտը փաստել է՝ Մոսկվան հիմա ստիպված է վերանայել իր ռազմավարությունը նախկին Խորհրդային Միության տարածքում` հաշվի առնելով այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդարձակելու Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի ջանքերը։
«Ռուսաստանի նախաձեռնությամբ ձեռք բերված հրադադարը կանգնեցրեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, բայց, միաժամանակ, ամրապնդեց Մոսկվայի ռազմական ու տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում»,- փաստում է հետախուզական կառույցի զեկույցը, մանրամասնելով՝ այսօր Մոսկվան իր զորքերն ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։ Ամերիկյան հետախուզությունը նշում է, որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը կշարունակի իր ազդեցությունը գործի դնել՝ վերահսկողության տակ պահելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի բացումն ու հաղորդակցությունը։
Փաստելով, որ իր հարևանությամբ գտնվող երկրներում Մոսկվայի տնտեսական ազդեցությունը գնալով թուլանում է՝ ֆինանսական առավել մեծ հնարավորություններ ունեցող խաղացողների, օրինակ, Չինաստանի կողքին, զեկույցն արձանագրում է՝ Ռուսաստանին հիմա թերևս առավել անհրաժեշտ է մնալ այդ տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավորը։ Դա, սակայն, այնքան էլ հեշտ չէ․ «Վրաստանի, Ուկրաինայի ու Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և արտաքին այլ աջակիցների հետ գնալով ավելի մեծ մարտահրավերներ է նետում անվտանգության ոլորտում Ռուսաստանի գերիշխանությանը»։
Որպես օրինակ, զեկույցը նաև ղարաբաղյան վերջին պատերազմն է վկայաբերում, արձանագրելով՝ 44-օրյա պատերազմին ուղղակի միջամտությունից խուսափելու Մոսկվակի որոշումը, ինչպես նաև Բելառուսի զանգվածային ցույցերին տրված զուսպ արձագանքը վկայում է, որ Կրեմլը փոխում է իր մարտավարությունը նախկին Խորհրդային Միության տարածքում։ Խոսելով ապագայի մասին՝ Պենտագոնի հետախուզական վարչությունը կանխատեսում է՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր առաջնորդությունը պահպանելու համար Մոսկվան ամենայն հավանականությամբ կզուգակցի մի քանի գործոններ՝ կպահպանի առաջնային դերը զենքի մատակարարման շուկայում, կամրապնդի գոյություն ունեցող երկկողմ ռազմական կապերը, կխթանի անվտանգության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և չափավոր դեր կտա արտաքին ուժերին՝ իր իսկ թելադրած պայմաններով։
Ընդհանուր առմամբ, անդրադառնալով համաշխարհային անվտանգությանը` Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավարը նշել է. «Այժմ մենք գտնվում ենք ռազմավարական մրցակցության դարաշրջանում։ Չինաստանը, Ռուսաստանը հզորացնում են իրենց կարողությունները՝ նոր մարտահրավերներ նետելով Միացյալ Նահանգներին»:
«Չինաստանը մնում է ԱՄՆ երկարաժամկետ ռազմավարական մրցակից, որը նաև անվտանգության սպառնալիք է ներկայացնում։ Պեկինը տարբեր միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ դիվանագիտական, տնտեսական, լրտեսական ու ռազմական՝ իր մարտավարական նպատակներին հասնելու համար։ Ռուսաստանի զինուժը ևս մեծ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար․ Մոսկվան պատրաստ է իր ուժը ցուցադրել ժամանակակից կոնվենցիոնալ զինատեսակների և իր սահմաններից դուրս ռազմական գործողություններ ծավալելով»։
Բերրյերն ընդգծել է, որ Ռուսաստանը արդիականացրել է իր միջուկային զինանոցի 82 տոկոսը, բացի այդ տարեկան հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ է արտադրում և ի տարբերություն Միացյալ Նահանգների, չի հետևում միջուկային փորձարկումների արգելանքին։ «Կրեմլը Նահանգներն ու ՆԱՏՕ-ն համարում է իր սեփական անվտանգության, աշխարհաքաղաքական նկրտումների ու իշխող ուժի պահպանման սպառնալիք»,- ընդգծել է Պենտագոնի հեռախուզական վարչության ղեկավարը։