Մատչելիության հղումներ

«Փորձը ցույց տվեց, որ պատանիները մեծ հետաքրքրությամբ են գալիս». Մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը


Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պաշտոնապես մեկնարկեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը, որն այս տարի կիրականացվի նոր ձևաչափով՝ ներառելով հանդիպումներ, նաև դասախոսություններ մի շարք արվեստագետների հետ:

Ինչպես ծրագրի պաշտոնական մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծեց Կրության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը՝ պատանիներին պարզապես անհրաժեշտ են նման ծրագրերը:

«Մենք շատ հաճախ, երբ որ խոսում ենք ոլորտում առկա խնդիրների մասին կամ երբ խոսում ենք հանրային խնդիրների մասին, որ մենք արվեստն ընկալելու որակի խնդիր ունենք, որ մեր հանդիսատեսը պատրաստ չէ ներկայացումներ նայելու, մեր հանդիսատեսը պատրաստված չէ լավ երաժշտություն լսելու և ագրեսիան, որ կա բոլոր ժամանակներում, բոլոր այս հասարակական արատների և թերությունների պատճառը կրթությունն է, որ կրթության մեջ մշակույթը չի զբաղեցնում այն անհրաժեշտ տեղը, որ պետք է զբաղեցնի: Փորձը ցույց տվեց, որ պատանիները մեծ սպասում ունեն նման ծրագրերից և մեծ հետաքրքրությամբ են գալիս: Մենք ունենք դասա-երաժշտական ծրագրերը, մենք ունենք «Դասարան + դասականը», որը իրականացնում է Սունդուկյան թատրոնը: Համանման նախագծերի շարքը գալիս է լրացնելու «Քո արվեստը դպրոցում» կրթական մշակութային նախագիծը», - նշեց փոխնախարարը:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային այս ծրագիրը նախատեսված է անցկացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի բոլոր մարզերում: Այսօրվանից սկսած առաջիկա ամիսների ընթացքում տեղի կունենան դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների հանդիպումները ժամանակակից արվեստագետների՝ գրողների, դերասանների, երաժիշտների, նկարիչների, ռեժիսորների հետ: Այս շարքում առաջին հանդիպումն այսօր Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արմեն Էլբակյանի հետ էր:

Ծրագրի նպատակը, Արա Խզմալյանի դիտարկմամբ, հետևյալն է. «Տալ արվեստի հմայքը, ներկայացնել արվեստի աշխարհի հրապույրը, ճանաչելի դարձնել ժամանակակից արվեստագետներին, հետաքրքիր դարձնել և հանրային արժեք դարձնել արվեստագետին և կարևոր մի հանգամանք ևս՝ օգնել կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում, որը ևս շատ կարևոր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG