Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Ժակլին Դյուբուան, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` Գի Տեսիեն ասել է, որ ինքը և գործընկերները Հայաստանի ու Արցախի երկար տարիների բարեկամներ են, և իրենց թիվը կարող էր շատ ու շատ ավելի մեծ լինել, քանի որ Հայաստանը Ֆրանսիայում շատ բարեկամներ ունի: Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևերի ընդունումն այն պայքարի արդյունքն է, որ իրենք վարում են երկար տարիներ:
Նրանք ներկայացրել են Արցախ կատարած այցից տպավորությունները, կարևորել են պատերազմի, դրա հետևանքների, ռազմատենչ ու անմարդկային բնույթի մասին խոսելը, միջազգային հանրության առջև կատարվածը բացահայտելն ու բարձրաձայնելը:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատարել և աջակցել Հայաստանին ու Արցախին: