Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը շեշտել է, որ երկու երկրներն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ:
Իրանի դեսպանը նշել է, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ և եղբայրական երկիր է, որի հաջողությունները կարևոր են նաև իրենց համար, փոխանցում են Գրիգորյանի գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով, էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներին:
Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին երկուստեք ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Քննարկվել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները և դրա համար առկա բոլոր նախադրյալները:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացներին: