Մատչելիության հղումներ

Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է՝ ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չեն գնալու


Այսօր բնապահպանները ծառատունկի նպատակով Վանաձոր այցելած շրջական միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին «Լոռին առանց հանքի» պաստառով դիմավորեցին։ Ի պատասխան Պետրոսյանն ասաց՝ կարգախոսի հետ համաձայն է։

Մարզում ակտիվ տուրիզմի ծրագրեր իրականացնող, բնապահպան Գևորգ Վարդանյանը դիտարկում արեց՝ վերջին տարիներին Լոռիում լայն թափով զարգանում է զբոսաշրջությունը, միևնույն ժամանակ, նոր հանքավայրերի շահագործման նպատակ ունեցող ընկերություններ են երևում մարզում։

«Լոռիում հանքը բերելու է մարզի 75 տոկոսի կործանմանը: Թե ինչու, կարող ենք ներկայացնել հստակ փաստերով», - նշեց Վարդանյանը:

«Շնորհակալ եմ ձեր դիրքորոշման համար, մեր ազնիվ, գաղափարական, իրենց մղումներով անկեղծ, այլ շահեր չհետապնդող բնապահպանների հետ մենք բարիկադների նույն կողմում ենք: Դուք այն գործն եք անում, ինչը որ ես կուզեի անեի կամ արած լինեի այս կարգավիճակից դուրս», - արձագանքեց Ռոմանոս Պետրոսյանը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Լոռու մարզի Թումանյան համայնքում, ինչպես նաև Մարգահովիտում ու դրա հարակից մի քանի բնակավայրերում հանրային լսումներ էին կազմակերպվել։ Մի դեպքում մեկ ամիս առաջ ստեղծված «Հարմար» ընկերությունը, մյուս դեպքում երկու տարի առաջ հիմնադրված չեխական «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը ցանկանում են ոսկի ու պղինձ գտնել Լոռու հարուստ անտառներ ունեցող տարածքներում։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարն ասաց՝ անգամ եթե ընկերությունները երկրաբանական հետազոտությունների թույլտվություն ստանան և այդ տարածքներում թանկարժեք մետաղի ցանկալի պաշարներ գտնեն, չի նշանակում, որ նրանք նաև հանքարդյունաբերության թույլտվություն կունենան, եթե հանրությունը դեմ լինի դրան։ Պնդեց՝ ոչ մի դեպքում հանրությանն ու բնապահպանությանը դեմ չեն գնալու։

«Այդտեղ կասկած, խնդրում եմ, չունենաք, որ մեր նկրտումներն ազնիվ են, ու մենք թույլ չենք տալու հանրային շահի ոտնահարում, հանուն որևէ անձի կամ որևէ կլանի ապօրինի հարստացման կամ թեկուզ օրինական հարստացման: Բայց պետք է հաշվի առնել մեկ հանգամանք՝ քանի դեռ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ այնպես, որ մարդուժի, մտավոր սեփականության, IT ոլորտի, այլ ինդուստրիալ ուղղությունների առումով կարողանանք փակել հանքարդյունաբերության ոլորտում գոյացող համախառն ներքին արդյունքը, մենք ստիպված ենք լինելու առնվազն գոնե գործող հանքերով շարունակել զարգացնել տնտեսությունը», - ասաց Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը շեշտեց՝ նախարարությունը մի քանի դեպքերում մարզում փոքր ՀԷԿ-եր շահագործելու հայտ ներկայացրած ընկերություններին մերժել է ջրօգտագործման թույլտվության հայտը։ Երկու ՀԷԿ նախատեսվում էր կառուցել Ձորագետի վրա, որտեղ արդեն 3 գործող հիդրոկայան կա։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարն ասաց՝ մերժելիս հաշվի են առել մի շարք բնապահպանական ռիսկեր։

ՀԷԿ շահագործելու հայտ էր ներկայացրել «Լոռվա Ամրոց» ընկերությունը, որի 25 տոկոս բաժնետերը մինչև այս տարվա փետրվարը ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Երկու ամիս առաջ նա վաճառել է իր բաժնեմասը։ Անցած տարի ևս նախարարությունը մերժել էր «Լոռվա ամրոց» ընկերության ջրօգտագործման թույլտվություն ստանալու դիմումը։

«Էական չի եղել՝ ովքեր են այդ հայտը ներկայացնող անհատները կամ տնտեսվարողները, քաղաքացիները: Կոռեկտ չէ նշեմ՝ որ տնտեսվարողն է, բայց հենց Լոռու մարզում 15 տարի առանց ՇՄԱԳ-ի ոսկու հանքարդյունահանող ձեռնարկություններից մեկի փաստաթղթերը ես եմ ուղարկել դատախազություն: Քրեական գործ է հարցվել ապօրինի ընդերքօգտագործման առերևույթ հանցակազմով, ու հիմա քրեական գործ է քննվում, ու իրենց նաև հետագա հանքարդյունահանման նախագիծը կասեցված է», - ներկայացրեց Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը հեռանալիս բնապահպաններին խոստացավ հաշվի նստել մարզի տուրիզմի ոլորտում ներդրումների նպատակներ ունեցող գործարարների հետ, նրանց հետ քննարկել հանքարդյունաբերության բոլոր ռիսկերը։ Միմյանց ձեռք սեղմեցին։

Պետրոսյանը Վանաձոր էր եկել Լիտվայի արտգործնախարարի, Հայաստանում Լիտվայի դեսպանի և այլ հյուրերի հետ։ Վանաձորում Լիտվայի Հանրապետության կողմից նվիրաբերված տասը հազար կեչու տնկիներով լիտվական անտառ հիմնվեց։ Փարիզի համաձայնագրի շրջանակներում Հայաստանը դեռ անցած տարի պարտավորվել է 10 միլիոն ծառ տնկել Հայաստանի տարածքում կլիմայի փոփոխությունը մեղմելու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն ասաց՝ վերջին օրերին Հայաստանում արդեն 360 հազար ծառ են տնկել։ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը բարձր գնահատեց երկու երկրների դեռ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները. «Ես ուրախ եմ ասել, որ այսօր Լիտվան պատրաստ է օգնել Հայաստանին դուրս գալու այն ծանր վիճակից, որում այսօր գտնվում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG