Մատչելիության հղումներ

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է


Ռուսաստանցի խաղաղապահներն Արցախում, արխիվ
Ռուսաստանցի խաղաղապահներն Արցախում, արխիվ

Արցախում ռուսաստանցի խաղաղապահների տեղափոխող ավտոմեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Թադևոսյանը մանրամասնեց՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա վերջին։

«Ռուսաստանցի խաղաղապահներին տեղափոխող ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա։ Երկու զինվորական վիրավորվել են։ Այս պահին բուժհաստատությունում են, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշեց արցախցի պաշտոնյան։

«Սա է պատճառը, որ արդեն երկու օր է Արցախում զինված զինծառայողների աճյունների որոնման ու տարհանման աշխատանքներ չեն իրականացվում, որոնք անցկացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում։ Ամենայն հավանականությամբ, այդ աշխատանքները կվերսկսվեն վաղը», - ասաց Հունան Թադևոսյանը, ում հետ հեռախոսազրույցի ձայնագրությունն առկա է «Ազատության» խմբագրությունում:

Ավելի ուշ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, թե «մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ»։

«Լուրը` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում»։ ԱԻՊԾ-ն հորդորել է նաև «լուրի հավաստիությունը ճշտելու համար դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»։

XS
SM
MD
LG