Բանակ զորակոչված 18-ամյա Սարո Մարկոսյանը, ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ ռազմական գործողությունները սկսվեցին, մինչև հոկտեմբերի 15-ը մասնակցեց դրանց՝ ստանալով բեկորային և 3 հրազենային վիրավորում ոտքի ու գոտկատեղի շրջանում։
«Նորից շրջապատում են ու էլի մարտի ենք բռնվում հետները, նորից երեք զոհ ենք տալիս մենք, մեր զինամթերքը պրծնում ա ու մեզ գերի են վերցնում», - պատմեց Մարկոսյանը:
53 օր ադրբեջանական բանտում անցկացրած հայ զինծառայողն ասում է՝ կտտանքներին ու ծեծին, անուշադրությանն ու արհամարհանքին զուգահեռ չի դադարել փայփայել հույսը, որ մի օր հայրենիք կվերադառնա։
«Ես իմ ուժերով չէի կարողանում վեր կենայի ջուր խմեի, չէին տանում հիվանդանոց, ասում էին, որ օրգանների վնասվածք չունի», - նշեց նա:
19-ամյա մեկ այլ զինծառայողի՝ Նարեկ Ներսիսյանին ծնողները տարածված մեկ այլ տեսանյութում են գտել։ Պատերազմի սկսվելու հենց առաջին օրից որդուց լուր չունեցող ծնողները միայն հոկտեմբերի 22-ին են տեղեկացել, որ իրենց տղան գերեվարվել է։ 1,5 ամսվա զինծառայող Նարեկը գերեվարվել է Մատաղիսում՝ 7 ընկերների հետ։ 22 օր նկուղային հարկում են անցկացրել, վերջին նռնակը իրենց համար էին պահել, բայց բարեբախտաբար հերթը դրան չհասավ։
«Էդ պահին իրանց խնդրեցինք, ասեցինք մեզ հիմա ստեղ տրաքացնում ենք, խնդրանքով դիմեցինք, ասեցինք, որ մեր դիակները գոնե ուղարկեք Հայաստան, որ մեր ծնողներն էլ մեր վրա լացեն, բայց համոզեցին, ասեցին՝ գնացեք ձեր երկրում մեռեք, որ սպանելու լինեինք, կսպանեինք», - պատմեց Ներսիսյանը։
Բաքու տեղափոխվելուց հետո Հայաստան վերադառնալու, ծնողներին ու հրազատներին կրկին տեսնելու հույսը փոքրանում էր ամեն բացվող օրվա հետ։ Դեկտեմբերի 14-ին հայրենիք վերադարձած առաջին՝ 44 հոգանոց խմբում էին Նարեկն ու Սարոն։ Նրանց նախ Զինվորական հոսպիտալ են տեղափոխել, որտեղ գտել են, որ նրանք ֆիզիկական ու առողջական խնդիրներ չունեն։ Տղաների հետ նաև հոգեբան է աշխատել։ Դեռ շատ ենք հանդիպելու, ասել է հոգեբանը, բայց չեն հասցրել հանդիպել, տղաներին վերադարձրել են ծառայության։ Երկուսն էլ պնդում են՝ իրենք ծառայության պատրաստ չեն։
«Դիմել եմ կառավարություն, երեք հոդված ունեմ, ու ինձ էն են ասել, որ քո համար քո էս տարի 2 ամիսը ոչ մի բան չես անելու», - ասաց Սարո Մարկոսյանը:
Սարոյին նաև ոտքում գտնվող բեկորն է անհանգստացնում, չեն հեռացնում, քանի որ վիրահատությունը կարող է անցանկալի հետևանքներ թողնել։ Նարեկին էլ է ասում, որ ինքը հոգեբանորեն դեռևս պատրաստ չէ ծառայության։
«Հիշողությունները միշտ են, փորձում եմ մոռանամ, բայց նենց բաներ են, որ չեն ջնջվի: Քչացել ա, բայց դե էլի վախեր ունեմ, անքնությունը մանրից անցնում ա, բայց ունեմ էլի», - նշեց Ներսիսյանը:
Նարեկի վարքի փոփոխությունը նաև հարազատներն են նկատել։ Տանը գտնվելու 10 օրերի ընթացքում Նարեկը սենյակից դուրս չի եկել, հարազատների հետ շփվել չի ցանկացել, կիսվել է միայն հորեղբոր որդու հետ։ Զրույցների ժամանակ պարբերաբար հիշատակել է ադրբեջանցի սպայի հորդորը՝ երկրորդ անգամ իրենց մոտ չընկնելու մասին։
«Լարված, հետը խոսում ես, սենց շարժումներ ա անում, մեր ընտանիքով վախենում ենք, որ ինքը կարա ինչ-որ կռվի մեջ ընկնի», - ասաց հորեղբոր որդին՝ Ռուբիկ Մինասյանը:
Նարեկը ինքնակամ լքել էր զորամասը՝ Պաշտպանության նախարարություն գնալու համար, նախարարությունում որևէ մեկի հետ հանդիպել չի կարողացել, հենց նույն օրը ռազմական ոստիկանությունը Նարեկի հետևից է եկել ու զորամաս վերադարձրել։
«Էն ժամանակ ինքը սիրում էր շփվել, եթե ժամանակ ունենար, ծառայության մեջ հարմար լիներ, մենք կարայինք օրվա մեջ մի քանի անգամ խոսայինք, բայց հիմա զանգում ես ոնց որ չուզենա հետդ խոսա», - նշեց Ռուբիկ Մինասյանը:
Տղաները առաջիկայում արդեմ մշտական տեղակայման վայր կտեղափոխվեն, թե ուր՝ դեռ իրենք էլ չգիտեն։
Օրենքով, գերության մեջ լինելու փաստը չի նշվում որպես հիմք՝ ծառայությունից ազատելու համար, ասում է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Էդգար Խաչատրյանը։
«Խնդիրը նրանում է, որ այդ օրենքն էլ արդիականացված չէ, հաշվի առնված չէ այս պատերազմական դրությունը, այս իրավիճակը, երկրորդն էլ իշխանությունները այս պահին որևէ գործողություն չեն ձեռնարկում, որպեսզի նմանատիպ խնդիրները լուծեն: Ընդամենը մի հատ կառավարության որոշում է պահանջվում այս պահին, որպեսզի երկար ճանապարհով չգնանք օրենսդրական փոփոխությունների, մի հատ կառավարության որոշում, որը նման սահմանափակում կմտցնի: Նույն խնդիրներն ունենք էդ վիրավորված զինծառայողների հետ, որոնք պատերազմական գործողությունների արդյունքում վիրավորվել են, էլի զորակոչվում են», - նշեց Խաչատրյանը:
Իրավապաշտպան Արմինե Սադիկյանն էլ կարևորում է գերությունից վերադարձած զինվորի հոգեբանական վիճակը. «Որքան էլ որ ասեն՝ ֆիզիկապես առողջ է, վիրավորում, վնասվածք չկա, բայց երկարատև աշխատանք է պետք նման մարդկանց հասարակություն վերաինտեգրելու համար, առավել ևս Զինված ուժեր վերադարձնելու համար: Չեմ կարծում, որ այնպիսի ծայրահեղ վիճակում ենք, որ նրա հետ վերադարձը ծառայության համար անփոխարինելի է և պարտավոր է պետությունը լիարժեք զբաղվել նրա հոգեկան վերականգնման ուղղությամբ»:
Սարոյի ու Նարեկի հետ հայրենիք վերադարձած 44 գերիներից միայն 9-ին էին ժամկետային զինծառայողներ, նրանցից 6-ը զորացրվել են՝ առողջական խնդիրների պատճառով, Սարոն ու Նարեկը և ևս 1 զինծառայող կրկին տեղափոխվել են ծառայության։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։