Մատչելիության հղումներ

«Կոմիտասի շարականներն ականջիս են», - պատմում է Հայաստանում ցեղասպանության վերջին ականատեսը


Հայերի ցեղասպանության վերջին ականատեսն է Մարի Կիրակոսյանը։ Ջարդերը վերապրած կինը 112 տարեկան է։ Ժամանակակիցներ ու բախտակիցներ Հայաստանում այլևս չկան, միակն է, վերջինը:

«Թուրքի անունը չեմ ուզում լսել: Փոքր էի, բայց մաման ամեն իրիկուն նստում էր, մեզ բացատրում էր», - ասաց Կիրակոսյանը:

Ինքն էլ 1915 թվականի կոտորածի, գաղթի ժամանակ 6-7 տարեկան է եղել, իրադարձությունների մասին լսել է մոր, ավագ եղբոր ու քրոջ պատմածներից, շատ բան հիմա չի էլ հիշում: Մի դրվագ, սակայն, մանկական հիշողությունից այդպես էլ չի ջնջվել. սեփական աչքերով տեսածը. «Հավաքեցին, տանում են տնից բոլոր ժողովրդին ոչխարների նման, հանկարծ մեկը չփախնի: Քայլեցինք գնացինք, նենց տեղ էր, որ պետք ա բարձրանայիր, նոր իջնեիր: Բարձրացանք, որ իջանք, մի մայր նստած երեխային կաթ էր տալիս, մի թուրք ճիպոտով մի հատ տվեց, կնոջ գլուխը գնաց էն կողմ, երեխան գնաց էն կողմ»:

«Կոմիտասի շարականներն ականջիս են», - պատմում էր Հայոց ցեղասպանությունը վերապրած կինը՝ հպարտորեն ընդգծելով` Կոմիտասը հարևանն էր, երկու դուռ այն կողմ էր ապրում, մորից էլ լսել էր, թե «շատ սիրուն մարդ էր: Որ շարական էր երգում մինչև մեր պարտեզը լսվում էր ձայնը»:

Ինչքան քայլեցին, ինչքան տանջվեցին՝ էլ չի հիշում. Աչքերի առջև միայն դեպի Հունաստան շոգենավն ու հարուստ կահ-կարասիով տունն է, որը թողեցին թուրքերին:

«Իմ պապան շատ հարուստ է եղել, մի տուն ունեինք այգիներով, 7-8 սենյակը տարբեր ռեմոնտ է եղել, ինչ խալիներ, մամաս էլ շատ սիրուն կին ա եղել, շատ սիրուն կին ա եղել, դրա համար էդ հարուստ մարդը իրան առել ա», - պատմեց Մարի Կիրակոսյանը:

Կյանքի մոտ 40 տարին ապրել է Հունաստանում. ծնողները, անչափահաս քույրն ու եղբայրը ծխախոտի գործարանում են աշխատանքի անցել, ինքն էլ դպրոց է գնացել, հետո դերձակ աշխատել, 40 տարեկանում էլ ամուսնացել ու Հայաստան եկել: Պատմության այս կետից էլ չի ցանկանում շարունակել. անցյալից նկար էլ չկա: Ավագ դուստրը՝ Սիրանն ասում էր՝ մի տեղ է դրել, որ չգտնենք, ինքն էլ չի հիշում։

Փոքրիկ պայուսակում, սակայն, խնամքով պահում է իր երիտասարդության հուշը, մի նկար էլ ընտանեկան ալբոմում է։ «2 աղջիկ, 3 թող, 7 ծոռ։ Այն ամենը, ինչ կարևոր է, իմ կյանքում», - ասում է տիկին Մարին, որ դժվարությամբ է արդեն տեղաշարժվում, բայց ավելացնում՝ չի տրտնջում:

«Ոչ մի բան, մենակ թե աղջկաս առնեն, բուժեն», - խոսքը կրտսեր դստեր՝ Վարդուհու մասին է, որի համար մոր սիրտը շատ է ցավում։ 5 տարի առաջ՝ ամուսնու մահից հետո, դստեր առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Հոգեբուժարան չեն ընդունում, 67 տարեկան կինը՝ 112 տարեկան մոր խնամքի հույսին է։ Ֆրանսերենի ուսուցիչ էր, հպարտանում էր տիկին Մարին ու հոգոց հանում՝ հիմա անգամ հայերեն չգիտի։

Այս խնդրով դիմել են տարբեր հաստատություններ, դեռ արձագանք չկա։ Մեկ դարից ավելի ապրած կնոջ մխիթարանքը հիմա միայն Աստվածաշունչն է ու դռան դիմաց բույն դրած ծիծեռնակը, որից ամեն օր մի բարի լուր է սպասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG