Մատչելիության հղումներ

Երեք «Ռեքվիեմ»` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի


Երեք «Ռեքվիեմ» ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի կհնչի այսօր և վաղը մեր լավագույն նվագախմբերի, մենակատարների և երգչախմբերի կատարմամբ:

Այսօր ուշ երեկոյան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Այն ուղիղ եթերով կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության կողմից:

Այսօր կեսգիշերից ճիշտ մեկ րոպե առաջ էլ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբն ու «Հովեր» կամերային երգչախումբը բեռլինաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»՝ անվանի մենակատարներ Իրինա Զաքյանի, Սոֆյա Թումանյանի, Հովհաննես Այվազյանի և Ֆերդինանդ Մուրադյանի մասնակցությամբ:

Նախագծի ղեկավար և պրոդյուսեր Անուշ Քոչարյանը նշեց. «Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենը այս մասին ավելի վաղուց էր խոսել, որ շատ ավելի հատկանշանակ կլինի, որ գիշերային ժամի ունենանք այդ իրադարձությունը, որը իր տեսակով շատ յուրահատուկ է: Եվ բոլորս հակվեցինք այն մտքին, որ ինչու ոչ, փորձը և փաստերը ցույց տվեցին, որ լսարանը ևս հետաքրքրություն է դրսևորել»:

Վաղը՝ ապրիլի 24-ի երեկոյան էլ Մարզահամերգային համալիրում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»:

«Մենք երգելու ենք Տիգրան Մանսուրյանի հանճարեղ ստողծագործությունը՝ «Ռեքվիեմը», որը ազգի համար և, ինձ թվում է, հայ ժողովրդի համար անկրկնելի նվեր է մեր ազգին ունենալ այսպիսի «Ռեքվիեմ», - ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Տիգրան Մանսուրյանն այս ստեղծագործությունը գրել է 2011 թվականին Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով: Առաջին անգամ Մանսուրյանի «Ռեքվիեմը» Հայաստանում հնչել է 2013 թվականի ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի կատարմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG