Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին ընդառաջ կենտրոնացվում են բոլոր ուժերը` ապահովելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի իդեալական տեսքը


«4-5 օր արդեն անքուն գիշերներ ենք անցկացրել», - անքուն գիշերներին հաջորդելու է ապրիլի 24-ի լուսաբացը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թեպետ կլոր տարին հյուրեր է ընդունում մաքուր ու խնամված տեսքով, բայց ապրիլի 24-ին ընդառաջ կենտրոնացվում են բոլոր ուժերը՝ տարածքի իդեալական տեսքն ապահովելու, հազարավոր հյուրերին հավուր պատշաճի դիմավորելու համար։

«Կանաչապատում» ՀՈԱԿ-ի 40-ից ավելի աշխատակիցներ տարածքում աշխատանքը սկսել են դեռ ապրիլի 15-ից, ասում է Կենտրոն և Նորք մարաշ ստորաբաժանման ղեկավար Սամվել Աղաջանյանը. «Հեռացվել է մեծ քանակությամբ բեռնատարներով աղբ, ճյուղ, կտրված, հնձված խոտը, բերվել է պատշաճ վիճակի: Այժմ իրականացվում է ծաղիկների տնկման աշխատանքը»:

Տարածքը ծաղիկներով ձևավորելու գործը արդեն 36 տարի է Սամվել Աղաջանյանին է վստահվում. «հուշահամալիրի ձախ և աջ ճանապարհի հատվածներում տնկվելու են կակաչներ ակոսների մեջ, դրանք կջրվեն, մոտական 4-5 օրը իրանց տեսքը կպահպանեն, որից հետո արդեն կտեղափոխվեն»:

Արդեն մի քանի օր է, տարածքի մաքրությամբ են զբաղվում նաև Երևանի աղբահանության և սանիտարական համայնքային հիմնարկի 150-ից ավելի աշխատակիցները։ Սանմաքրման բաժնի պետ Բագրատ Աղաջանյանը նշեց՝ մի քանի անքուն գիշերներ են անցկացրել, ու դեռ 2 օր էլ նույն ռեժիմով կաշխատեն։

«Բոլոր տարածքները գտնվում են իդեալական մաքուր վիճակում, բայց անկախ ամեն ինչից քաղաքացիների հոսքից ելնելով միշտ աշխատանք ունենում ենք: Միակ խնդրանքս և հորդորս կլինի բոլոր քաղաքացիներին, որ չաղտոտեն այս սրբավայրը», - ասաց Աղաջանյանը:

Հուշահամալիրը արդեն մի քանի օր է՝ մարդաշատ է, շատերը համավարակի այս օրերին մարդկանց մեծ հոսքից խուսափելու համար գալիս են նախապես։

Այսօր՝ Ժամը 19-ից էլ Ազատության հրապարակից կմեկնարկի ՀՅԴ երիտասարդական թեևի ջահերով երթը։ Ի դեպ՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը հերքեց տարածված այն լուրերը, թե իրենք մնալու են Ծիծեռնակաբերդում՝ առավոտյան թույլ չտալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը։

«Պաշտոնապես հերքում ենք, բայց շատ կարևոր ենք համարում ընդգծել, որ ոչ թե նրա համար, որ նորմալ է, որ վաղը Նիկոլ Փաշինյանը այցելելու է, դա իսկապես սրբապղծություն կարելի է գնահատել, այլ պարզապես դա հուշարձան է, սրբավայր է, և օրը չափազանց կարևոր է, որպեսզի մենք որևէ այլ բանով շեղենք օրվա նպատակը», - նշեց Վարդանյանը:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հենց հուշահամալիրի բարձունքում տեղադրված բեմահարթակում կհնչի Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը։ Արդեն կեսգիշերին մոտ, բեմահարթակը կապամոնտաժվի։ Ապրիլի 24-ին մինչ ուշ գիշեր, իսկ մինչև սեպտեմբերի կեսերը մինչ ժամը 16:30 -ը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բաց կլինի «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, որի մուտքն ազատ է։ Այն շուրջ 3 տասնյակ ընտանիքների պատմությունների միջոցով բացահայտում է 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն՝ Օսմանյան կայսրությունում իր դրսևորումներով ու ծանր հետևանքներով։

«Բազմահազար հյուրեր ենք ունենում ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարի համավարակի պատճառով մարդիկ չկարողացան իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այս տարի նոր հետաքրքրությամբ և նոր թափով զանգում են հարցնում են, կարծում եմ էլի շատ այցելուներ կունենանք», - ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հասնելու համար առավոտյան 8:30-ից մինչ 22-ը կգործեն անվճար երթուղիներ։ Առավոտյան ժամը 6-ից հուշահամալիր տանող մի քանի փողոցներում կարգելվի մեքենաների երթևեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG