Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում ցուցաբերված ջերմ ընդունելության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների համար:
Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է՝ լիակատար փոխվստահության և հարգանքի մթնոլորտում կայացած հանդիպումը Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նոր ուղիներ նախանշեց:
«Միանգամայն համաձայն եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում հայ և վրացի ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորման համար:
Ուրախ եմ արձանագրել, որ առկա են համատեղ հետաքրքրություններ ու խոստումնալից հեռանկարային փոխգործակցություն նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ բնագավառներում:
Հավատացած եմ, որ այցի շրջանակներում ձեռք բերված գործնական և արդյունավետ պայմանավորվածություններն առավել կխորացնեն մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը՝ ի բարօրություն մեր եղբայր ժողովուրդների», - ասվում է նախագահի նամակում։
Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով, հիշեցնենք, Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով Վրաստանում էր։