Մատչելիության հղումներ

Հաղթանակի օրը ԼՂ-ում զորահանդես անցկացնելու ռուս խաղաղապահների պլանը Ադրբեջանում դժգոհություններ է հարուցել


Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի
վարժանքներ են իրականացնում, 19-ը ապրիլի, 2021թ.
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի վարժանքներ են իրականացնում, 19-ը ապրիլի, 2021թ.

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական շքերթ իրականացնելու ռուսաստանյան խաղաղապահների պլանները Ադրբեջանում դժգոհություններ են հարուցել․ ընդդիմադիր և փորձագիտական շրջանակները իշխանություններից արձագանք են պահանջում, պաշտոնական Բաքուն լռում է։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն էր տեղեկացրել, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի օդանավակայանում սկսել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի նախապատրաստման աշխատանքները։ Աղբյուրի համաձայն՝ հանդիսավոր երթին մասնակցելու են հարյուրավոր զինվորականներ, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը։

«Ռուսաստանյան խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են խաղաղություն ապահովելու, այլ ոչ թե շքերթներ անցկացնելու համար», - «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսամխանլին՝ ռուսական կողմին հիշեցնելով, որ «ցանկացած ոչ տեղին քայլ Ադրբեջանում անվստահություն և ջղաձգում է առաջացնում»։ «Այդ գործողություններն անընդունելի են», - հավելել է ադրբեջանցի պատգամավորը։

44-օրյա պատերազմը կանգնեցնելու հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվան շուրջ 2000 հոգանոց զորախումբ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ նախնական 5 տարի ժամկետով։ Ռուսաստանցի մի քանի տասնյակ զինվորականներ նաև թուրք գործընկերների հետ համատեղ դիտորդական առաքելություն են իրականացնում Աղդամում։

Չնայած ամենաբարձր մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածություններին՝ ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլին պնդում է՝ ռուսաստանյան խաղաղապահների կարգավիճակը Ադրբեջանում միանշանակ չէ։ «Հարցն այն է, թե որքանով եռակողմ հայտարարությունը իրավաբանական ուժ ունի, որքանով է այն համապատասխանում Ադրբեջանի Սահմանադրությանը։ Վիճելի է», - նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ ռուսական զորքը փաստացի Ադրբեջանի տարածքում է՝ «այսինքն բանակի ներխուժում օտար պետություն»։

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հատուկ տարածած հայտարարությամբ ռուսական զորքի ռազմական շքերթը գնահատել է որպես Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարման ակտ։ «Պաշտոնական Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման ուղղությամբ», - ասվում է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը առաջարկում է մայիսի 9-ին պլանավորված ռազմական այդ շքերթին ռուսական խաղաղապահների հետ մասնակից դարձնել նաև ադրբեջանական հրետանու բրիգադին և թուրքական հատուկ ջոկատայիններին։ «Նաև առաջարկում եմ Հաղթանակի օրվան նվիրված հրավառություն Շուշիում», - Ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի դիվանագետը։

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ևս տոն է․ այդ օրը անցած տասնամյակներին մեծ շուքով նշվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Հանդիսավոր միջոցառումների մեծ մասն անցկացվում էր Շուշի քաղաքում։

Պաշտոնական Ստեփանակերտն առայժմ չի հստակեցրել, թե 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Շուշիի կորստից հետո ինչպես է նշելու Արցախի տոնացույցի կարևորագույն տոներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG