«Սա հանրային տարածք ա, երբ են վաճառել, ոնց են վաճառել, ոչ մեկս տեղյակ չենք, մեկ էլ գալիս են ու ծառերը կտրում են», - ասում է Բաղրամյան 79 Ա հասցեի բնակիչ Աշոտ Օնոսյանը։
Միջբակային տարածքը վաճառվել է դեռևս 2000-ականներին, այս տարիների ընթացքում մի քանի սեփականատեր է փոխվել։ Ներկայիս սեփականատերը, որ Իրանի քաղաքացի է, 500 քմ մակերեսով տարածքը գնել է 2014-ին ու այս տարիների ընթացքում որևէ գործողություն չի իրականացրել։ Համայնքապետարանն այստեղ խաղահրապարակ է տեղադրել։
«Այս խաղահրապարակի տեղադրումը եղել է սեփականատիրոջ համաձայնությամբ, թաղապետարանը խնդրել է, որ ժամանակավորապես տեղադրեն։ Հիմա էլ մենք պահանջ ենք ներկայացրել քաղաքապետարան, որպեսզի գան ապամոնտաժեն», - ասում է տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչ Կիմա Սարյանը։
Թե մաքրման աշխատանքներից հետո ինչ կկառուցվի տարածքում, դեռ պարզ չէ։ Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շինթույլտվության համար որևէ հայտ առայժմ չի ներկայացվել։
Կիմա Սարյանը նաև ասում է, որ այս տարածքը գնելուց հետո սեփականատերը մի քանի դատական գործերով է անցել նույն խնդրի պատճառով, դրանք հիմա ավարտվել են հօգուտ սեփականատիրոջ․ - «Էստեղ մարդկանցից յուրաքանչյուրին պատկերացրեք․ 500 քմ հողամաս մարդ չկարողանա որևէ կերպ տիրապետի 8 տարի շարունակ։ Էս բոլոր շենքերը, որ կառուցվել են, կրկին կառուցվել են նույն հողամասերի վրա։ Ստեղ այլ նպատակային նշանակության, ոչ կառուցապատման նշանակության հողամասեր չկան։ Հողատարածքի նպատակային նշանակությունը հասարակական կառուցապատման է»։
Համայնքապետարանը ստիպված կլինի խաղահրապարակն ապամոնտաժել, իսկ ոստիկանությունը՝ հասարակական կարգն ապահովել, եթե բնակիչների վերջին հույսն չարդարանա։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դիմել է դատախազություն։ Մերժման դեպքում օրենսդրության մեջ սեփական հողատարածքում ծառահատման համար որևէ պատժամիջոց նախատեսված չէ, ասում է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանը․ - «Առերևույթ որ նայում ենք, ինքը գտնվում ա 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ։ Հողային օրենսգրի 60-րդ հոդվածի սահմանափակումներ կան, որտեղ նշված է, թե որ հողակտորները չեն կարող սեփականաշնորհվել։ Դրանք պուրակներն են, մայթերն են, անտառները, այգիները։ Որ նայում ենք, առերևույթ ինքը գտնվում ա էդ սահմանափակումների մեջ։ Հետևաբար մենք որոշեցինք դատախազություն դիմում ներկայացնել՝ սեփականաշնորհման հիմքերը ուսումնասիրելու համար»։
Մինչ դատախազության որոշում կկայացնի, գործողությունը կասեցնելու իրավունք ունեն միայն իրավապահ մարմինները՝ դատարանի որոշմամբ։ Իսկ դատարանի որոշում կարող է լինել, եթե քրեական գործ հարուցվի։
«Եթե քրեական գործի շրջանակներում կպարզվի, որ սեփականաշնորհման գործընթացը սխալ է եղել, եթե քրեական որոշակի տարր կնկատեն էդ գործում և որոշակի մարդիկ կպատժվեն դրա համար, հետագայում բնակիչները կարող են դիմել վարչական դատարան վկայականը չեղարկելու պահանջով», - պարզաբանեց Կարապետյանը։
Շենքերով ու շինություններով խեղդված այս տարածքում, որտեղ նաև բժշկական մեծ կենտրոն է գործում, արդեն իսկ մեքենաների մեծ քանակի պատճառով շարժը խիստ դժվարացած է, ասում են տեղի բնակիչները։ ՁԱյն---բնակիչներ «Մենք անցյալ անգամ ասեցինք, սա 90-ականների սխալն է և այդ սխալը պետք է ուղղվի։ 10-15 հազար բնակչույթւոն կա էս տարածքւոմ, բոլորի երեխեքը ստեղ են գալիս,մորովհետև ոչ մի ուրիշ այգի չկա ստեղ»։
Նման միջբակային տարածքներ գնելն այսօր քիչ հավանական է՝ մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, իսկ արդեն գնված տարածքի մասով ոչինչ անել չեն կարող․ - «Գործող քաղաքային իշխանության, Երևանի քաղաքապետի քաղաքականությունը այնպիսին է, որ պետք է հնարավորինս տարածքները վերադարձնել համայնքին և համայնքը ներկա պահին նպատակահարմար չի համարում, ճիշտ չի համարում միջբակային տարածքների սեփականաշնորհումը կամ օտարումը որևէ կերպ։ Ցավոք, մենք դեռ շատ ունենք տարածքներ, որոնք ժամանակին ինչ-ինչ ձևով սեփականաշնորհվել են, և հիմա այդ տարածքներում սեփականատերերը իրացնում են իրենց իրավունքը»։
Այսօր ծառահատման գործընթացը դադարեցվեց, սեփականատիրոջ ներկայացուցիչներն ւ բնակիչները պայմանավորվեցին սպասել դատախազության որոշմանը։