Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020-ի մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է 2500-ով


Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ամփոփել է աշխատատեղերի վերաբերյալ 2021-ի մարտի տվյալները։

Ըստ հաղորդագրության, մասնավորապես, 2021թ. մարտի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 622.5 հազար, ինչը 2020թ. մարտի համեմատ ավելի է շուրջ 2.5 հազարով, 2019-ի մարտի համեմատությամբ` 38.5 հազարով, իսկ 2018-ի մարտի համեմատությամբ` 85.5 հազարով:

Միաժամանակ, ՊԵԿ-ի փոխանցմամբ, 2021 թվականի մարտին` նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել են նաև եկամուտները (հարկման բազան), եկամտային հարկը, ինչպես նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)․ մասնավորապես` այս տարվա մարտին եկամուտը կազմել է 131.5 մլրդ դրամ, ինչը 2020-ի մարտի համեմատ ավելի է 7.8 մլրդ դրամով, 2019-ի մարտի համեմատ` 24.1 մլրդ դրամով, իսկ 2018-ի մարտի համեմատ` 38 մլրդ դրամով: Եկամտային հարկը 2021-ի մարտին կազմել է 28.2 մլրդ դրամ, 2020-ի մարտին` 27.9 մլրդ դրամ, 2019-ի մարտին` 27 մլրդ դրամ, իսկ 2018-ի մարտին` 23.3 մլրդ դրամ:

Մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) 2021-ի մարտին կազմել է 211 300 դրամ, ինչը 2020-ի մարտ ամսվա նույն ցուցանիշից ավելի է 11 800 դրամով, 2019-ի մարտի համեմատությամբ` 27 400 դրամով, 2018-ի մարտի համեմատությամբ` 37 200 դրամով, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG