Մատչելիության հղումներ

Նախագահն արձանագրում է՝ իր այցելած բոլոր բնակավայրերում թիվ մեկ հարցն անվտանգությունն է


Նախագահ Արմեն Սարգսյանն արձանագրում է՝ Սյունիքի՝ իր այցելած բոլոր բնակավայրերում թիվ մեկ հարցն անվտանգությունն է։

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ եղել է Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Դավիթ Բեկ բնակավայրում, հանդիպել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանի և Արթուր Հովհաննիսյանի, տեղի բնակիչների հետ։ Քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Դավիթ Բեկի և Կաղնուտի ղեկավարները նշել են, որ վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքերի զգալի, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հատվածները վերահսկվում են Ադրբեջանի կողմից, և բնակիչները հնարավորություն չունեն օգտագործել դրանք: Ընդգծվել են նաև գործազրկության, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ։

Նախագահը կարևորել է նոր աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն իրենց հողում․ - «Մտածեք, առաջարկություններ արեք, դուք ինքներդ ավելի լավ կիմանաք, թե ինչ տեսակի գործունեություն է հնարավոր իրականացնել ձեր համայնքներում։ Եթե լինեն առաջարկներ, կփորձեմ աջակցություն ցուցաբերել, գտնել ուղիներ ու միջոցներ»։

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանն այցելել են նաև Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների և Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Այստեղ ևս թե՛ բնակիչները, թե՛ բնակավայրերի ղեկավարները կենսական են համարել անվտանգության, սահմանազատման, արոտավայրերի հետ կապված խնդիրները։

«Շատերդ ունեք փաստաթղթեր, որոնք կարող են վկայել, որ այս արոտավայրը, այս արտը կամ այս այգին ձեր սեփականությունն է եղել, և այդ փաստաթղթերը պետք է ներկայացնեք մարդու իրավունքների պաշտպանին։ Բացի միջկառավարական պայմանագրերից, քարտեզներից և մնացած բոլոր բանակցային գործընթացներից՝ կան նաև մարդու իրավունքներ», - ասել է նախագահը։

Արման Թաթոյանն ավելացրել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան երկրներ, որոնց սահմանազատումների, սահմանագծումների հարցում առավելություն է տրվել կադաստրային փաստաթղթերին, որովհետև հիմքում մարդն է՝ իր իրավունքներով. - «Մենք պետք է արձանագրենք ու ցույց տանք իրավական խախտումները, ապօրինությունները, դրանք կարևոր են նաև հետագայի համար»։

«Կան խնդիրներ, որոնք պետության պարտականությունն են, բայց կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից, բարեգործական միջոցներով: Կան նաև համակարգային խնդիրներ: Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր և նոր գործունեություն, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում։ Գյուղի բարեկեցությունը բոլորի պարտականությունն է։ Դուք այդ ճակատում եք, և ճակատը միայն կրակելով չէ, այլ նաև գյուղի հաջողությունն է, ուստի բոլորս անելիք ունենք։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք կարգուկանոն ունենանք, կազմակերպված լինենք, ինքներս մեզ չխաբենք, հույսով չսպասենք, որ ինչ-որ մեկը կգա ու մեզ համար հարց կլուծի», - հավելել է նախագահը։

XS
SM
MD
LG