Մատչելիության հղումներ

Ըստ Մարությանի` կանաչ տարածքներում ապօրինի կառուցապատման դեմ մեծ առաջընթաց չկա, նախագիծը շուրջ 2 տարի կառավարությունում է


Առաջիկա 6 ամիսներին Երևան կներկրվի 8.5 մետրանոց 161 ավտոբուս։ Պայմանագիրը ստորագրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստի ավարտին։

«Այս պահին ինձ բերեցին պայմանագիրը, որը ես բոլորիդ առջև կստորագրեմ: Սա 161...ստորագրված է: Հուսանք` մատակարարը պատշաճ կերպով ժամանակին` 6 ամսվա ընթացքում կմատակարարի այս ավտոբուսները, և մենք մաքսիմալ արագ արդեն կհանձնենք մեր երևանցիներին, մեր բնակիչներին», - ասում էր քաղաքապետը:

Առավոտից մեկնարկած ավագանու այսօրվա նիստն ավարտվեց աշխատանքային օրվա վերջում միայն։ Որ քաղաքաշինական տարբեր նախագծեր չկուտակվեն քաղաքապետարանում, որ կառուցապատողները չդժգոհեն, թե շինթույլտվությունների տրամադրումն ուշանում է և ոչ միայն, քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը հորդորեց ավագանու անդամներին կողմ քվեարկել քաղաքաշինության և ճարտարապետության վարչության հաստիքացուցակի ավելացման նախագծին։ Ճգնավորյանի խոսքով` 61 աշխատող ունեցող այս վարչությունում ևս 8 հաստիքի կարիք կա, երկուսը՝ իրավաբան, մնացածը ոլորտի նեղ մասնագետներ։

«Այն շահերը, որ հետապնդվում են քաղաքացիների կողմից ի վնաս համայնքի, նրանք գործում են այդ նույն իմ ասած օպերատիվության և բարձր պրոֆեսիոնալիզմի, այսպես ասած, հարթության մեջ, մենք ուզում ենք այդտեղ էլ պաշտպանված լինել, և էֆեկտիվորեն չէ դա մարսել և մշակել փաստաթղթերն այն արագությամբ, որը պահանջում է օրենքը, տրամաբանությունը և բիզնեսի շահը», - նշեց նա:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Էռնեստ Ավանեսովը, դիմելով Ճգնավորյանին, հարցրեց՝ նոր մասնագետների ներուժը կօգտագործվի արդյոք սեփականաշնորհված կանաչ տարածքները վերադարձնելու գործին։ Ճգնավորյանն ասաց՝ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են, ուղղակի արդյունքները դեռ տեսանելի չեն։

Ավագանու իշխող խմբակցությունից Լևոն Զաքարյանը կոնկրետ հասցեով խնդիրն ընդգծեց, ասաց` թեև Արաբկիր համայնքի ղեկավարն այդ դեպքով դիմել է դատախազություն` կանաչ տարածքում կառուցապատում իրականացնող ընկերության սեփականաշնորհման հիմքերն ուսումնասիրելու նպատակով, այդուհանդերձ ըստ Զաքարյանի՝ այսօրինակ խնդիրները դեռ շարունակվում են. «Բաղրամյան 79ա, դա պուրակ է եղել և սեփականաշնորհվել է, և մարդը որոշել էր, որ ծառերը պիտի կտրի: Շատ հաճախ ասում են` հերիք է ասեք նախորդների ժամանակ: Լավ, չենք ասում նախորդների ժամանակ, այլմոլորակայինների ժամանակ այդպիսի դեպքեր են եղել, երբ որ մարդիկ քաղաքի գլխավոր հատակագծից այգուց որոշակի մաս հանել են, հետո սեփականացրել են, հետո դրա հետ ինչ ուզել` արել են»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց՝ բազմաթիվ գործեր են ուղարկում դատախազություն, հաճախ պատասխան են ստանում, որ դրանց վաղեմության ժամկետն անցել է, տարածքները հիմնականում մի քանի անգամ վերավաճառվել են, ու երբեմն վերջին գնորդները դրանք հենց բանկից են գնել և հանդիսանում են բարեխիղճ գնորդ։ Մարությանը հիշեցրեց՝ իր պաշտոնավարման 2-րդ ամսին արդեն հայտարարել էր, որ քաղաքին պատկանող տարածքներում ապօրինի կառուցապատումներ չեն լինելու։ Ասաց՝ նախագիծ են ուղարկել կառավարություն, որ օրենքի համապատասխան կետերում փոփոխություններ արվեն՝ համայնքային հողերի վերաբերյալ դրույթները փոփոխվեն. «Այն է` պետական և համայնքային հողերի վրա այլևս իքս օրվանից սկսած ընդհանրապես չի օրինականացվելու ոչ մի կառույց: Ցավով ուզում եմ նշել` անցել է արդեն 2 տարի և մի քանի ամիս, այդ ուղղությամբ մենք արդյունք չունենք, այսինքն` կառավարությունում այդպես էլ մնացել է, նախաձեռնվել է Ազգային ժողովի գործընկերների կողմից մի այլ նախագիծ, որը մասամբ լուծում է այս հարցը, բայց սա կարևորագույն խնդիր է, որի հետ մենք ամեն օր առնչվում ենք»:

Ի դեպ, եթե նախորդ տարիներին Հայկ Մարությանը հաճախ էր ավագանու նիստերի օրերին պատասխանում լրագրողների հարցերին, ապա վերջին ամիսներին նա ընդհանրապես դադարեցրել է այդ պրակտիկան։ Մամուլը հաճախ է գրում Հայկ Մարությանի ու գործող իշխանությունների լարված հարաբերությունների մասին։ Թեև ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի խումբ անդամներ «Ազատության» հետ զրույցներում հերքել են այս լուրերը, սակայն ինքը՝ քաղաքապետն անգամ այս հարցին չի անդրադարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG