Ադրբեջանական գերության մեջ հայտնված 18-ամյա զինվոր Էրիկ Մխիթարյանին հարազատները երեք օր առաջ են հուղարկավորել։
44-օրյա պատերազմի ընթացքում Էրիկի հետ հարազատները վերջին անգամ կապ էին հաստատել հոկտեմբերին, ինչից հետո արդեն նոյեմբերին տեսել էին համացանցում տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինվորները, զենքը պահելով գերեվարված զինվորի վրա, նրան ստիպում էին ադրբեջաներեն ինչ-որ արտահայտություններ ասել։
Էրիկի եղբայրը՝ Արմեն Ավագյանն «Ազատությանը» պատմեց՝ քանի որ եղբորից լուր չունեին, դեռ հոկտեմբերին էին ԴՆԹ թեստ հանձնել։ Բայց թեստի արդյունքների մասին իրենց միայն վերջերս են տեղեկացրել։ Եվ միայն օրերս են իմացել, որ որոնողական աշխատանքների արդյունքում դեռ դեկտեմբերին են Էրիկի դին հայտնաբերել և բերել են Հայաստան, բայց իրենց այդ մասին հայտնել են միայն վերջերս. «Դեկտեմբերի 17-ին եղել է Վանաձորում, ու չենք իմացել, մենք իմացել ենք ապրիլի 8-ին կամ 9-ին: Ու հետո իրենք պատճառաբանում են, որ նոր են էլի ԴՆԹ արել, ԴՆԹ-ն ուշ ա բացվել, նոր են ասում, բայց դա տենց չի էլի, ասում են` մարտի վերջերին նոր առաջին ԴՆԹ-ն պարզ է դարձել, դրանից հետո 3 անգամ արել են մի քանի օրվա մեջ: Այսինքն` չի կարա մի դիակից վերցրած առաջին ԴՆԹ-ն 4-5 ամիս տևի, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ նմուշները 3 կամ 4 օր տևեն»:
Արմենը տարակուսած է՝ ինչպե՞ս կարող էին ամիսներ առաջ հանձնված թեստի պատասխանը միայն վերջերս հայտնել ընտանիքին, երբ հարազատները հույսով սպասում էին գերեվարված տղայի վերադարձին։ Այս հարցը բարձրացրել են նաև վարչապետի հետ հանդիպմանը. «Այդ հարցը մինչև վարչապետի մակարդակ հասել է, հարցրել ենք, ոչ մեկը դրա պատասխանը դեռ չունի»:
Էրիկ Մխիթարյանը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր, ընտանիքի կրտսեր որդին, բանակ անցած տարի էր զորակոչվել, ծառայում էր Ջաբրայիլում։ Ընդամենը մի քանի ամիս հասցրեց ծառայել, «Ազատությանը» փոխանցեց Կաթնաջուրի համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը. «Սովորական գյուղացի, իրենց աշխատանքով ապրող, ժողովրդի լեզվով ասած, դառը քրտինքով ապրող ընտանիք, երկու եղբայր ունի` 28, 30 տարեկան, ամուսնացած քույր ունի: Ինքը փոքրն էր», - պատմեց համայնքապետը:
Երբ նոյեմբերին համացանցի ադրբեջանական տիրույթում Էրիկ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ էր հայտնվել, հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանները նաև նրա հարցով էին դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ Էրիկի հարցով ևս միջանկյալ միջոց էր ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի։ Սակայն Ադրբեջանը զինվորի գերեվարման մասին տեղեկությունը չի հաստատել:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյան «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել իր իսկ զինուժի հսկողության ներքո հայտնված ռազմագերու կյանքի իրավունքը, ինչը, սակայն, չի արել. «Այն պաhից սկսած, երբ որ հակառակորդի զինծառայողը հայտնվում է մյուս կողմի զինված ուժերի վերահսկողության տակ` վիրավոր, հանձնված, այլ կերպ գերեվարված, այստեղ տարբերություն չկա, քանի դեռ ինքն այլևս ակտիվ չի մասնակցում ռազմական գործողություններին, իսկ ձեր նկարագրածից երկրորդ մեկնաբանությունը հնարավոր չէ, անձն այլևս փաստացի չէր մասնակցում ռազմական գործողություններին, գտնվում էր մյուս կողմի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Այդ պահից սկսած նա ռազմագերի է, և այդ պահից սկսած իր կյանքի իրավունքը պետք է երաշխավորի, ապահովի գերեվարած կողմը»:
Խզմալյանի կարծիքով` հայ ռազմագերու կյանքի իրավունքի խախտումը պետք է ամրագրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իսկ Ադրբեջանն իր հերթին պետք է հետաքննի ադրբեջանցիների տարածած տեսանյութը՝ պատժելու դրանում Էրիկի վրա զենք պահող իր զինվորներին, որոնք ակնհայտորեն ստորացնում են հայ ռազմագերուն, ինչը Ժնևյան կոնվենցիաներով արգելված է։ Պատերազմական այս հանցագործության համար Ադրբեջանը կարող է պատասխաանտվության ենթարկվել նաև Միջազգային քրեական դատարանում. «Կոնկրետ անհատների պատասխանից եմ ասում, դա մեր պետական քրեական գործի հարց է, անշուշտ Հայաստանը նույնպես կարող է նման քրեական գործով` որպես առանձին դրված կամ որպես առանձին գործ առաջ տանել, պարզապես հայկական կողմի համար ավելի դժվար կլինի նույնականացում, բայց ոչ կարծում եմ ոչ անհնար. սոցիալական մեդիայի դարում ենք ապրում, բավական հստակության նկար, վիդեո ունենալու դեպքում մեծ հավանականություն կա, որ սոցիալական ցանցերով հնարավոր կլինի նույնականացնել անձանց»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի տվյալներով` հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել 250 անձի վերաբերյալ դիմումներ: 230-ի վերաբերյալ Ստրասբուրգի դատարանը կիրառել է միջանկյալ միջոց, և հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ ՄԻԵԴ-ի ուշադրության ներքո է 183 անձի գործ։ Սրանցից միայն 72-ի մասին է, որ Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել Ստրասբուրգյան դատարանին՝ պարզաբանելով, որ այդ անձինք գտնվում են իր տարածքում։ Մնացածի վերաբերյալ որևէ հստակ տեղեկատվություն պաշտոնական Բաքուն Եվրադատարան չի ուղարկել։
Ընդհանուր առմամբ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Հայկական կողմի տվյալներով` այս ընթացքում ադրբեջանական գերության մեջ սպանվել է 3 հայ ռազմագերի։