Մատչելիության հղումներ

Սուպերլիգան լավ բան չէ ֆուտբոլի երկրպագուների համար, շեշտում է Բրիտանիայի վարչապետը


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, արխիվ

Արդիական աշխարհում ֆուտբոլն ավելին է, քան սոսկ մարզաձև, և ամենասիրված այդ սպորտին առնչվող բոլոր կարևոր լուրերն անմիջապես դառնում են բուռն քննարկումների առարկա:

Ֆուտբոլային Սուպերլիգա ստեղծելու անսպասելի գաղափարը խստորեն քննադատում են ոչ միան ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կամ երկրպագուների միությունները, այլև առանձին պետությունների ղեկավարներ:

Անգլիական Պրեմիեր լիգան տասնամյակներ շարունակ արժանիորեն համարվում է աշխարհում և Եվրոպայում եթե ոչ լավագույն, ապա առնվազն ամենալավ լիգաներից մեկը: Ֆուտբոլի աստղերից շատերն են երազում հանդես գալ Պրեմիեր լիգայի ակումբներում:

Երեկ Սուպերլիգայի անջատական գաղափարի մասին է խոսել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Ընդ որում, նա ոչ միայն քննադատում է գաղափարը, այլև հստակ նկատել է տալիս, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի դրա իրականացումը խափանելու համար:

«Մենք ամեն ինչ կանենք ֆուտբոլի ոլորտի իշխանությունների հետ մեր քննարկումներում, որ այդ Սուպերլիգայի նախաձեռնությունը չիրականացվի այն տեսքով, որով այս պահին է հայտնի: Դա լավ լուր չէ ֆուտբոլասերների համար: Դա ընդհանրապես լավ բան չէ այս երկրում ֆուտբոլի համար: Այս ակումբները ոչ թե պարզապես մեծանուն ակումբներ են, իհարկե, մեծանուն են, «բրենդ» են, բայց դրանք նաև ակումբներ են, որոնք պատմականորեն ծնվել են իրենց քաղաքներում, ավաններում, համայնքներում: Դրանք պարտավոր են պահպանել կապն իրենց ծննդավայրում երկրպագուների հետ, դա չափազանց կարևոր է, անկեղծ եմ ասում՝ դուրս չի գալիս այս նախաձեռնությունը, և մենք պետք է քննարկենք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել», - ասել է Բորիս Ջոնսոնը:

Է՛լ ավելի խիստ է խոսել Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, մեդիայի և սպորտի նախարար Օլիվեր Դաուդենը:

«Ֆուտբոլը մեր ազգի գեներում է, մենք ենք այն հորինել, մենք ենք նպաստել ամբողջ աշխարհում դրա տարածմանն ու զարգացմանը: Ավելի քան մեկ դար ֆուտբոլը բրիտանացու սրտում է: Ֆուտբոլային ակումբները ոչ թե պարզապես բիզնես են, այլ ամբողջ երկրում համայնքների կյանքի կարևոր գործոն, կարծում եմ՝ այս խորհրդարանի բոլոր պատգամավորին է վրդովեցրել Եվրոպայի անջատական լիգա ստեղծելու մի քանի ակումբների դավադրությունը», - ասել է սպորտի նախարարը:

Ֆուտբոլային Սուպերլիգայի վիճահարույց գաղափարի շուրջ թեժ քննարկումները շարունակվում են:

XS
SM
MD
LG