Մատչելիության հղումներ

Ըստ ռազմական փորձագետի՝ ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու վերաբերյալ վարչապետի գաղափարը խնդրահարույց է


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գաղափարը, թե պետք է մտածել ժամկետային զինծառայության ժամկետը էականորեն կրճատել, օրինակ՝ պետք է 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն լինի, խնդրահարույց է, անընդունելի և լի է բացասական հետևանքներով ու հեռանկարային չէ, կարծում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ընդգծելով՝ 2 տարին հենց այնպես չի սահմանվել՝ ռազմական հմտություններ ձեռք բերելու համար 3 ամիսը բավարար չէ։

«Մեր տարածաշրջանում և ընդհանրապես այս ժամանակաշրջանում մենք չպետք է բանակի նման կառուցվածքային փոփոխություններ անենք: Մենք պետք է շեշտը դնենք ոչ թե ծառայության կամ մարդկային ուժի վրա, այլ շեշտը պետք է դնենք սպառազինության, ռազմաարդյունաբերության, մեր զինանոցի վերազինման վրա, այլ ոչ թե ծառայել-չծառայել, ժամկետների և այլն, դրանք հարցի լուծում չեն։ Այսօր մենք փոխանակ դասեր քաղենք և ավելի խորացնենք ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, անում ենք հակառակը՝ սկսում ենք ավելի մակերեսային գնալ», - ասաց Հովհաննիսյանը:

Փաշինյանն այս հայտարարությունն արել էր երկու օր առաջ Վայոց Ձորի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

«Տարբեր գաղափարներ կան, կքննարկենք: Օրինակ՝ կա գաղափար, որ պետք է լինի ասենք 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները, բոլորը այդ մարտական նվազագույն հմտություններիn տիրապետեն, և պրոֆեսիոնալ բանակ մենք պետք է ունենանք: Այո, երբ որ զինվորը զինվոր է պրոֆեսիոնալ, ինքը ուրիշ գործով չի զբաղվում», - հայտարարել է վարչապետը:

Պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները խոսում են Զինված ուժերում բարեփոխումների մասին՝ այդպես էլ չբացահայտելով, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են լինելու։ Իշխող «Իմ քայլի» պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասաց՝ այն, որ պետք է վերանայվեն զինծառայության նորմերը, միանշանակ է, պետք է մաքսիմում խտացված ծառայություն լինի։

«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր բանակը այդ տարիների ծառայությունը, որ իրականացնում են, պարապուրդ լինի կամ արդյունավետ չլինի, պետք է մաքսիմում խտացված ծառայություն լինի, զինվորը պետք է ընդհանրապես ժամանակ չունենա, նա պետք է իր ամբողջ ծառայությունը անցկացնի ուսուցման մեջ», - նշեց Խաչատրյանը:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը քարոզարշավի տրամաբանության մեջ է, որպեսզի հոգեբանական ծանր վիճակում գտնվող ծնողների ականջին հաճելի լինի. «Լսեն և ասեն՝ այ մենք կգնանք կընտրենք, որովհետև մեզ էսպիսի բան են խոսք տվել, այսինքն սա ես ավելի շատ դիտարկում եմ քարոզարշավի շրջանակներում։ Սա մասնագիտական մոտեցում չէ, սա շատ խնդրահարույց է, նույնիսկ կարող եմ ասել, որ մոտակա ժամանակաշրջանում բանակի կործանման, հետևապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խնդիր է սրանով արդեն դրվում»։

Ըստ իրավապաշտպանի՝ աշխատանքային հանդիպումների անվան տակ չհայտարարված քարոզարշավ է ընթանում

Նիկոլ Փաշինյանը այս և այլ հայտարարություններ անում է մարզերում բնակիչների հետ շաբաթօրյա հանդիպումների ժամանակ, նրա հանդիպումների մասին վարչապետի աշխատակազմը նախօրոք չի տեղեկացնում, և դրանք ընթանում են առանց լրագրողների։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասում է՝ աշխատանքային հանդիպումների անվան տակ հանգստյան օրերին չհայտարարված քարոզարշավ է ընթանում, ընդգծում է՝ իշխող ուժն այնպիսի խաղաքարտեր է օգտագործում, որ չունեն մյուս ուժերը, այսպիսով՝ անհավասար պայքար է ընթանում։

«Ես չեմ կարծում, որ իշխանությանը ձգտող, հավակնող կամ ընտրությունների մասնակցելու հայտ ներկայացրած որևէ ուժ կարող է հայտարարել, որ ինքը կսկսի մանկապարտեզները հիմա սարքել, որ դրա համար հենց հիմա փող է հատկացնում՝ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելու՝ ոչ թե մանկապարտեզ սարքելու տեղեկությունն է սուտ, այլ այդ տեղեկությունն այս պահին օգտագործելու մասին է խոսքը: Այդ թվում նաև Ազգային ժողովի հարթակը վարչապետն օգտագործեց հենց այդ քարոզարշավին բնորոշ խոստումներ, հայտարարություններ, ծափահարություններ նաև իր կողմնակիցների հետ ապահովելու համար», - նշեց իրավապաշտպանը:

Իշխող քաղաքական ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին է խոսում «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը. «Պետք է հակաքայլեր ձեռնարկի ընդդիմությունը, այսինքն՝ նույն ձևի հանդիպումներ անցկացնի, աշխատանք տանի ընտրողների հետ»:

Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված ընտրությունների քարոզարշավը, ըստ էության, պաշտոնապես հունիսի սկզբին կսկսվի։ Նիկոլ Փաշինյանը դեռ մարտի կեսին սկսեց մարզային հանդիպումները։ Որից հետո քաղհասարակությունը, ընդդիմադիրները ահազանգեցին՝ վարչապետը վարչական ռեսուրս է չարաշահում։

Մարզային այցերի ընթացքում Փաշինյանը խոսում է, օրինակ, ճանապարհների նորոգման, համայնքներում ներդրումային ծրագրերի, դպրոցներում ուսուցիչների կամ պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու մասին։ Չհայտարարված այցերից հետո վարչապետի աշխատակազմը տեսանյութեր է տարածում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG