Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին քաղաքացիների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի արգելվի, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ժամականավոր սահմանափակում կլինի առավոտյան 9-10-ն ընկած ժամանակահատվածում՝ պաշտոնյաների այցերի ընթացքում։
«Կխնդրեմ մեր քաղաքացիներին տվյալ ժամին կամ դրանից մի փոքր ավելի շուտ ձեռնպահ մնալ այդ կարճ ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդ այցելությունից, որպեսզի կուտակումներ չլինեն։ Գիտեք, որ մենք շարունակում ենք համավարակային իրավիճակի մեջ լինել և փորձում ենք սրանով նաև ավելորդ կուտակումներից խուսափել», - հավելեց Հարությունյանը։
Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների այցը Ծիծեռնակաբերդ չթույատրվեց, ինչը տարատեսակ քննադատության առիթ տվեց իշխանությունների հասցեին։
«Կորոնավիրուսային իրավիճակը դեռևս լարված է», - ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ քաղաքացիներին հորդորելով հետևել հակահամաճարակային կանոններին․ - «Փակ և բաց տարածքներում կրել դիմակներ, ունենալ ձեռքի տակ նաև ախտահանիչ նյութեր և հնարավորինս պահպանել սոցիալական հեռավորությունը, քանի որ մարդկանց շփումներին զուգահեռ կմեծանա միանշանակի ռիսկը նաև հիվանդության տարածման, և կարող ենք ունենալ լուրջ դեպքեր, որոնք կարող են արձանագրվել մե գաղտնի շրջան անց»։
Ապրիլի 24-ին կփակվեն նաև մի շարք փողոցներ, որոնց վերաբերյալ հավելյալ հայտարարություն կլինի։
Ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ նախատեսված միջոցառումների համար կառավարությունը տրամադրել է 71 միլիոն դրամ։
Ապրիլի 23-ին ուշ երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջյուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»
«Ապրիլի լույս 24-ի գիշերը ժամը 24։00-ին Կոմիտասի անվան Կամերիային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»։ Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը»։
Ապրիլի 24-ին էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։